ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիթ Չևիքը հայտարարել է, որ ռուսական Սու-24 ռմբակոծիչի հետ նոյեմբերին տեղի ունեցած միջադեպից հետո Մոսկվան խուսափում է Անկարայի հետ բարձր մակարդակով շփումից։ Թուրքիան փետրվարի 3-ին նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ «կապված հունվարի 29-ին ռուսական մարտական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքը ևս մեկ անգամ խախտելու հետ»։ Փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ հունվարի 29-ին ռուսական Սու-34 ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը։ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, թե Թուրքիայի օդային տարածքի խախտում չի եղել։
Հալիթ Չևիքի նամակում նշվում է, որ «այդ միջադեպից հետո Թուրքիան դարձյալ նախագահների մակարդակով հեռախոսազրույցի նախաձեռնող է եղել»։
«Ցավոք, նոյեմբերի 24-ին տեղի ունեցած միջադեպից հետո ռուսական կողմը զերծ է մնում նման ուղիղ շփումից»,- ասված է փաստաթղթում։ Հունվարի 29-ին տեղի ունեցած միջադեպից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, թե ցանկանում է շփվել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել էր, որ Պուտինին զեկուցել են Էրդողանի ցանկության մասին։ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, թե Էրդողանը փորձում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ, սակայն ռուսական կողմը չի արձագանքում: