Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին համարում է, որ Եվրոպայի երկրները սեփական կամք չունեն և գտնվում են ԱՄՆ-ի ճնշման տակ: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Այդ քննադատությունը վերաբերում է Եվրոպային, որը, ի տարբերություն նախկին ժամանակների, չունի սեփական կամք և գտնվում է ԱՄՆ-ի ազդեցության տակ» և ավելացրել է, որ եվրոպական երկրները պետք է ուշադրություն դարձնեն այդ «թուլությանը»: Խամենեին մեկնաբանել է նաև Սիրիայի իրավիճակը: Նա նշել է, որ ահաբեկչությունը վարակիչ և շատ վտանգավոր հիվանդություն է, հնարավոր է կանխել, եթե բոլորը միավորեն իրենց ջանքերը: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Իրան այցելությունը վճռական քայլ է համարում երկկողմ հարաբերություններում: