Եվրամիությունը կոչ է անում լուրջ վերաբերվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ հանրաքվեն գնահատող ամփոփիչ զեկույցին, որում դիտորդական առաքելությունը քննադատել էր Հայաստանի իշխանություններին: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին դիտորդների հանձնարարականների կատարումը կապեց Հայաստանի միջազգային հեղինակության հետ։
«Այո, Ընտրական օրենսգիրքն ու գործընթացները բարելավման կարիք ունեն, և զեկույցը դրա հերթական ապացույցն է: Լուրջ ընդունեք, կատարեք տնային առաջադրանքը: Հայաստանի ժողովուրդը և պետությունը մեծապես կշահեն, եթե այդ հանձնարարականները, քննադատական մեկնաբանություններն ի կատար ածվեն»,- ասաց ԵՄ դեսպանը։ Եվրոպացի դիվանագետը մեկ առ մեկ թվարկում էր հանրաքվեի թույլ կետերը, որոնք դիտորդներն արձանագրել են զեկույցում՝ ընտրացուցակներ, քվեների հաշվարկ ու ամփոփում։ «ԺՀՄԻԳ-ի թիմը սեփական աչքերով տեսավ, թե ինչպես որոշ քվեներ զրոյացվեցին՝ դեմ գնալով նորմալ ընթացակարգին: Այսինքն՝ մի բան իսկապես սխալ է, որ անգամ դիտորդների ներկայությամբ չի կանխվել արատավոր պրակտիկան: Առանց այս թերությունները հաղթահարելու միշտ լինելու է կասկածի մթնոլորտ, վստահության պակաս, Հայաստանի միջազգային հեղինակությունը դրանից միշտ տուժելու է»,- ասաց Սվիտալսկին։ Հույս հայտնելով, որ իշխանությունները կշարունակեն քննել խախտումների ահազանգերը՝ միաժամանակ Եվրամիությունը կենտրոնանում է արդեն հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների վրա, որը, ինչպես դեսպանը գնահատեց, վճռորոշ կլինի Հայաստանի ապագայի համար. «Ընտրական նոր օրենսգիրքը լակմուսի թուղթ է լինելու, թե սահմանադրական փոփոխություններն ուր կտանեն Հայաստանը: Լիահույս ենք, որ այն կվերացնի թերությունները, հանձնարարականները լրջորեն հաշվի կառնվեն և փորձ կարվի կոնսենսուսի հասնել քաղաքական բոլոր ուժերի հետ»: