Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հաստատել է, որ խորհում է ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու հնարավորության շուրջ։ Financial Times-ի հետ զրույցում Bloomberg տեղեկատվական գործակալության հիմնադիրն ու սեփականատերը ընտրություններին իր հնարավոր մասնակցության հարցին պատասխանել է, թե «տարբերակներ է դիտարկում»։ Ենթադրվում է, որ Բլումբերգը առաջադրվելու է որպես անկախ թեկնածու, ինքն է հովանավորելու իր նախընտրական արշավը։ Ըստ Forbes-ի՝ Մայքլ Բլումբերգի կարողությունը կազմում է 36,4 միլիարդ դոլար։ 2001-ին Բլումբերգը Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններին առաջադրվել է հանրապետական կուսակցության կողմից, չնայած մինչ այդ դեմոկրատական կուսակցությունում էր։ Հանրապետականներն ապահովել են նրա հաղթանակը, և միլիարդատեր Բլումբերգը Նյու Յորքը ղեկավարել է մինչև 2013-ը։ 2007-ին նա պաշտոնապես լքել է հանրապետական կուսակցությունը։