Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 9-ին ընդունել է Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ բանագնաց, դեսպան Թոշիհիրո Այկիին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց Ճապոնիայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը և տարբեր ոլորտներում բազմաբովանդակ փոխգործակցության ընդլայնումը։ Ճապոնիայի ԱԳՆ հատուկ բանագնացն ընդգծել է, որ իր երկիրը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության խթանումը, ինչին նպաստում են բարձրաստիճան շփումներն ու փոխայցելությունները։ Հանդիպմանն անդրադարձել են ՀՀ նախագահի՝ Ճապոնիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի փոխգործակցության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, մշակութային փոխանակումներին առնչվող հարցերին։ Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Ճապոնիայի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ Դեսպան Այկին ներկայացրել է Կորեական թերակղզում անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Մտահոգություն է հայտնվել Հյուսիսային Կորեայի կողմից՝ ի խախտումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ։ Նախարար Նալբանդյանը անդրադարձ է կատարել ղարաբաղյան հիմնախնդրին` ներկայացնելով հակամարտության գոտում տիրող իրավիճակը, բանակցային գործընթացի վերջին զարգացումները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: