Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ցանկապատ կառուցել երկրի ցամաքային սահմանների ողջ երկայնքով՝ ահաբեկչությունից, հանցավորությունից և անօրինական ներգաղթից պաշտպանվելու համար: Օղակը փակելու համար Իսրայելին մնում է ցանկապատել Հորդանանի հետ սահմանը, որտեղ արդեն կանգնեցվում են բաժանարար կառույցները։ «Ի վերջո Իսրայելը բոլոր կողմերից կշրջափակվի անվտանգության ցանկապատով: Ինձ կհարցնեն՝ իսկապե՞ս մենք կշրջափակենք ողջ Իսրայելը ցանկապատով: Այո, միանշանակ: Նման շրջապատում, որտեղ մենք ենք ապրում, մենք պետք է մեզ պաշտպանենք գիշատիչներից»,- ասել է Նեթանյահուն։ Իսրայելն արդեն ցանկապատել է Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի և Գազայի հատվածի հետ սահմանները։ «Մենք երկար տարիների ծրագիր ենք պատրաստում երկրի բոլոր սահմանների երկայնքով անվտանգության ցանկապատի կառուցման համար, որ պաշտպանենք մեզ Մերձավոր Արևելքում»,- ասել է Նեթանյահուն: