Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրվել է խնդրագիր, որի հեղինակները պահանջում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ռազմական հանցագործ ճանաչել ու հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարան։ Խնդրագրում նշվում է, որ Օբաման մեղավոր է ոչ միայն ԱՄՆ-ի քաղաքացիների, այլև` ամբողջ աշխարհի դեմ հանցագործությունների համար: «Գուանտանամոն` պատմության ամենասարսափելի բանտերից մեկը, շարունակում է գործել: Լիբիան քայքայվեց Օբամայի ագրեսիայի հետևանքով: Սիրիայում Օբամայի գործակալները մարզում ու ֆինանսավորում են ահաբեկչական խմբավորումներին` անամոթաբար կոչելով «չափավոր ընդդիմություն»: Գաղտնի գործակալությունները շարունակում են կարևոր տեղեկություններ հավաքել շարքային ամերիկացիների անձնական կյանքի վերաբերյալ` օգտագործելով էլեկտրոնային վերահսկման բոլոր միջոցներն ու ոտնահարելով ամերիկացիների անձնական կյանքի իրավունքը»,- ասվում է խնդրագրում: Մինչև մարտի 9-ը 100000-ից ավելի ստորագրություն հավաքելու դեպքում խնդրագիրը ձեռք կբերի իրավական փաստաթղթի կարգավիճակ, ինչից հետո համապատասխան նյութերը կուղարկվեն Հաագա։