Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 13-ին Մյունխենում
հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կարևորել վերջին տարիներին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև բարեկամական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Էդվարդ Նալբանդյանը և Վիկտորյա Նուլանդը մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման ուղիների շուրջ։ Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։