ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Սիրիայի և ՈՒկրաինայի խնդիրները հաղթահարելու ուղիները: Նրանք պայմանավորվել են ակտիվացնել դիվանագիտական համատեղ ջանքերը Սիրիայի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, որի շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել Մյունխենում՝ Սիրիայի աջակցության խմբի հանդիպմանը: Ըստ Կրեմլի՝ Օբամայի նախաձեռնությամբ կայացած զրույցում Վլադիմիր Պուտինն ասել է, որ համաշխարհային ահաբեկչության դեմ անհրաժեշտ է միջազգային միացյալ ճակատ ձևավորել: Նա ասել է, որ ԻՊ-ի և մյուս ահաբեկչական խմբերի դեմ հաջողությամբ պայքարելու համար ԱՄՆ-ի և ՌԴ-ի զինվորական պաշտոնյաների սերտ շփումներ են անհրաժեշտ: Պուտինը հույս է հայտնել, որ ՈՒկրաինայի արևելքում հակամարտությունը կարգավորելու համար ՈՒկրաինայի իշխանությունները գործնական քայլեր կկատարեն՝ լիարժեք իրականացնելու Մինսկի համաձայնություններով ստանձնած պարտավորությունները: Փետրվարի 13-ին Մյունխենում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ասել էր, թե Մոսկվան չի իրականացնում Մինսկում ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ զորքերը դուրս չի բերում ՈՒկրաինայից և Կիևին չի հանձնում սահմանների վերահսկողությունը: