Մենք դեմ չենք միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում ղարաբաղյան հակամարտությունը քննարկելուն՝ Turan-ին և «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ներկայացված 2 բանաձևերին։ «Մենք պաշտպանում ենք այդ հարցը ցանկացած կերպ բարձրացնելու Ադրբեջանի և Հայաստանի իրավունքը։ Համանախագահները շեշտում են, որ ՄԽ բանակցային ձևաչափն ուժի մեջ է մնում։ Մենք հույս ունենք, որ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ կմնան իրենց պարտավորություններին և կշարունակեն ՄԽ-ի հետ սերտ համագործակցությունը»,- ասել է Ջեյմս ՈՒոռլիքը։ Նրա խոսքով՝ միջնորդները խաղաղության տանող միակ ուղին բանակցություններն են համարում։ «Երկարաժամկետ կարգավորման հասնելու համար մեր բանակցությունները հիմնվում են միջազգային իրավունքի՝ ՄԱԿ-ի կանոնակարգի, Հելսինկիի եզրափակիչ ակտի, տարածքային ամբողջականության սկզբունքների, ինքնորոշման և ուժ չկիրառելու որոշումների վրա։ Հակամարտության համապարփակ կարգավորման մաս է օկուպացված տարածքները Ադրբեջանին վերադարձնելը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը»,- մեջբերում է պարբերականը ՈՒոռլիքին։ Նա նշել է, որ կողմերը և համանախագահները համակարծիք են, որ կարգավորման հիմնական տարրերը հիմնվում են Մադրիդյան սկզբունքների վրա։ Նշված սկզբունքների վրա հիմնված առաջարկները ներկայումս քննարկում են կողմերն ու համանախագահները։