Բրիտանական թերթերը միաձայն գրում են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կտրուկ վատթարացման մասնին: Նրանց դիմակայությունը Սիրիայում, որն արտահայտվում է հակամարտության տարբեր կողմերին աջակցությամբ, բազմաթիվ հոդվածների հեղինակների կարծիքով սպառնում է վերածվել ուղիղ հակամարտության: Financial Times-ը գրում է, որ Մոսկվան և Անկարան Սիրիայում հակամարտության կողմերին աջակցելուց անցել են հարձակման նրանց վրա, ում դեմ կռվում են նրանց դաշնակիցները: Արևմտյան դիվանագետների կարծիքով՝ Անկարայի հետ հակամարտության սրման գնալով Ռուսաստանը փորձում է կոտրել ՆԱՏՕ-ի հեղինակությունը: «Կատակ չէ, որ Պուտինը զայրացած է Թուրքիայի վրա: Իրավիճակը բավականին լուրջ է»,- մեջբերում է Financial Times-ը ԵՄ պաշտոնյաներից մեկի կարծիքը: Մինչդեռ, Ռուսաստանին մեղադրում են Սիրիայի հյուսիսում երեք հիվանդանոցների ռմբակոծման մեջ, Մոսկվան կոչ է անում ուշադրություն դարձնել Անկարայի գործողություններին և ընդգծում է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների տարաձայնությունները: Մարտին Չուլովը Guardian-ում գրում է, որ Թուրքիան և Ռուսաստանը ձգտում են մոտեցնել սիրիական հակամարտության որոշիչ փուլը:
Նրա կարծիքով՝ Սիրիայում տիրող քաոսից կարելի է անել մի քանի եզրակացություն: Առաջին` ռուսական ավիահարվածներից և սիրիական բանակի առաջխաղացումից ԴԱԻՇ-ը դեռևս լուրջ կորուստներ չի կրել: Երկրորդ և ավելի կարևոր եզրակացությունը, քրդերը հասել են ամենամեծ հաջողությունների:
Ռուսաստանի աջակցությամբ քրդերի ռազմական հաջողություններն անհանգստացնում են սիրիական աշխարհազորին և Թուրքիային, որը հայտարարել է, որ երբեք նրանց թույլ չի տա վերահսկել Սիրիայի հետ իր սահմանը: Սիրիայի հյուսիսում բոլոր փոքր պատերազմները ներկայումս կարող են վերաճել մի կողմից` Թուրքիայի, և մյուս կողմից` Ռուսաստանից աջակցվող սիրիական քրդերի միջև հակամարտության: Մոսկվան գիտի, որ քրդերը Թուրքիայի թույլ տեղն են:
Բոլոր կողմերը զգում են, որ պատերազմը կարող է անցնել որոշիչ փուլ, սակայն կանխազգացումները կարող են սխալ դուրս գալ այն հակամարտությունում, որտեղ չափից շատ են «բռնկման օջախները», գրում է Մարտին Չուլովը: