Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նվաճեց իր ինքնորոշման իրավունքը, մինչդեռ Ադրբեջանի ատելության և ագրեսիայի, մարդու իրավունքների ոտնահարման մշակույթը, շարունակվող ռազմատենչությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ բանակցային գործընթացի մերժումը սպառնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական գոյությանը՝ հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը` փետրվարի 15-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքը որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առանցքային տարր» բաց քննարկման ժամանակ։ Դեսպանը կարևորել է միջազգային հանրության համախումբ աջակցությունը բանակցային գործընթացին, որը նվազագույնը զերծ կպահի «մերժող կողմին» կարգավորման սկզբունքներից շեղվելուց: Հայաստանի դեսպանը նշել է, որ ինքնիշխանության սկզբունքը կրում է պատասխանատվություն, իսկ անպատասխանատու ինքնիշխանությունը սպառնում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանը: Խաղաղ և ներառական հասարակություն կառուցելու պետությունների պատասխանատվությունը նույնքան կարևոր է, որքան ինքնիշխանությունը: Դեսպանը շեշտել է, որ միջազգային համագործակցությունը միջազգային խաղաղության պահպանման տեսանկյունից ոչ պակաս համոզիչ է։ Վկայակոչելով «Ոճրագործությունների վերլուծությունների շրջանակը»՝ Զոհրաբ Մնացականյանը եզրափակել է. «Կանխարգելման, վաղ նախազգուշացման մեխանիզմների գործառույթը ու վատթարացող իրավիճակների ազդանշանները ՄԱԿ-ի համակարգ ուղղորդելու կարողությունը կենսական նշանակություն ունեն»։