Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Թբիլիսիում եռակողմ հանդիպման արդյունքում համագործակցության համատեղ հռչակագիր են ստորագրել: Հանդիպման գլխավոր թեմաներն են եղել ահաբեկչության դեմ պայքարն ու այդ ոլորտում համագործակցության զարգացումը: Կողմերը քննարկել են տրանսպորտային և ենթակառուցվածքային նախագծեր, TANAP խողովակաշարի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը, Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի նախագիծը: Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով, հատուկ շեշտադրվել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները: «Այդ տեսանկյունից նշվել է էներգետիկ միջանցքի իրականացումն ու Եվրոպան Ասիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի գործունեության կարևորությունը: Նախարարներն ընդգծել են մոտ ապագայում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործունեության մեկնարկի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համակարգել գործողությունները՝ «Մետաքսե ճանապարհի» իրականացման համար»,- ասված է նախարարության պաշտոնական հայտարարությունում: