Հայաստանի տնտեսության համար այս տարի աճ գրանցելը բարդ է լինելու, տնտեսության զարգացման համար ստեղծվել է ոչ բարենպաստ միջավայր, և կարիք կա իրական բարեփոխումների՝ «Ազատության» հետ զրույցում ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսը: «Արտաքին միջավայրը Հայաստանի համար շարունակելու է մնալ ոչ բարենպաստ, պայմանավորված Ռուսաստանում շարունակվող տնտեսական անկմամբ, Եվրամիության տնտեսությունը ևս, ցավոք, շատ արագ չի աճում, իսկ Ռուսաստանն ու ԵՄ-ն Հայաստանի երկու հիմնական առևտրային գործընկերներն են: Այս տարի Հայաստանի համար հիմնական մարտահրավերն է լինելու կենտրոնացումը՝ տեղական տնտեսության ակտիվացման վրա, իսկ դրա համար անհրաժեշտ են բարեփոխումներ՝ իրական բարեփոխումներ: Սա է լինելու այս տարվա գլխավոր խնդիրը: Կառավարությունը պետք է իրականացնի լուրջ բարեփոխումներ՝ վստահ լինելու համար, որ տնտեսության զարգացումն ապահովվելու է առավելապես երկրի ներսում»,- կարծում է ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը: Պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի Հայաստանի առևտրաշրջանառությունը հիմնական տնտեսական գործընկեր ՌԴ-ի հետ նվազել է 18 տոկոսով, արտահանումը Հայաստանից Ռուսաստան նվազել է 26,7 տոկոսով: Դաբան Սանչեսն ասում է՝ նոր առևտրային ուղղությունների որոնման կարիք կա: «Հայաստանյան գործարարները պետք է ավելի ագրեսիվ լինեն ռուսական շուկայում, կամ դուրս գան ավելի բարենպաստ շուկաներ, ինչպես՝ Մերձավոր Արևելքը»,- օրինակ է բերում Տերեսա Դաբան Սանչեսը: