Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կարծում է, որ «Վրացական երազանք» իշխող կոալիցիան վաղ թե ուշ կքանդվի, սակայն 2016- ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ենթադրաբար նախկին կազմով: Երկրում իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի հնարավոր քանդվելն ակտիվ քննարկվում է վրացական լրատվամիջոցներում, երբ հայտնի դարձավ կոալիցիայի մեջ մտնող մի քանի խորհրդարանական կուսակցությունների միջև հակասությունների մասին: «Վաղ թե ուշ դա անպայման տեղի կունենա, և կոալիցիան կքանդվի: Դրա մեջ ոչ մի ողբերգական բան չկա, սակայն մոտ ժամանակներս ես նման ռիսկեր չեմ տեսնում և կարծում եմ, որ կոալիցիան հավանաբար ընտրություններին կմասնակցի այն կազմով, որն այժմ ունի»,- հայտարարել է Կալաձեն մամուլի ասուլիսի ժամանակ: «Վրացական երազանքն» իշխանության է եկել 2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, հիմնադիրը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է, որ հաղթանակից հետո որոշ ժամանակ եղել է վարչապետ: Վրաստանում խորհրդարանական ընտրությունները 2016-ի աշնանն են: