WikiLeaks կայքի հրապարակած գաղտնի նյութերը վկայում են, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հանդիպումները, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի զրույցները Մերկելի և Բեռլուսկոնիի հետ, ձայնագրվել է ԵՄ-ի և Ճապոնիայի առևտրի նախարարների շփումը Առևտրի համաշխարհային կազմակերպության թեմայի շուրջ։ WikiLeaks-ի տվյալներով` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Գերմանիայի կանցլերը խոսել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի մասին, Նեթանյահուն խնդրել է Բեռլուսկոնիին օգնել կարգավորել կապերն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, Սարկոզին զգուշացրել է Բեռլուսկոնիին իտալական տնտեսության ողբալի վիճակի մասին: Որոշ փաստաթղթեր ունեն «գաղտնիության ամենաբարձր մակարդակը, որ երբևէ հրապարակել է մեդիան»։