Աբխազիան ազատ վիզային ռեժիմ է սահմանում Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հանրապետությունների հետ՝ ասել է Աբխազիայի արտաքին գործերի փոխնախարար Կան Թանիան: «Արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբան հանձնարարել է Աբխազիայի արտգործնախարարության միջազգային-իրավական բաժնին մեր բարեկամների` Մերձդնեստրի Մոլդովական և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների հետ փոխադարձ ազատ այցելությունների մասին համաձայնագրերի նախագծեր մշակել»,- հայտարարել է Թանիան` նշելով, որ պայմանագրերի անհրաժեշտությունը ծագել է օրենքի ընդունումից հետո, որի համաձայն՝ Աբխազիայի անկախությունը չճանաչած պետությունների քաղաքացիները ապրիլի 1-ից զրկվում են ինքնահռչակ հանրապետություն առանց վիզայի մուտք գործելու իրավունքից: «Ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող այս օրենքը վերաբերում է բոլոր պետություններին, որոնց հետ Աբխազիան ազատ վիզային ռեժիմ սահմանելու մասին համաձայնագրեր չի կնքել: Այս պահին Սուխումը նման պայմանագրեր ունի Ռուսաստանի և Նիկարագուայի հետ, իսկ Հարավային Օսիայի հետ ստորագրված համանման փաստաթուղթը վավերացման փուլում է»,- նշել է Աբխազիայի ԱԳ փոխնախարարը: Հայաստանը ևս չի ճանաչել Աբխազիայի անկախությունը, ուստի ապրիլի 1-ից նաև հայկական անձնագրերով Աբխազիա ազատ մուտք գործելն անհնարին կդառնա: Աբխազական արտգործնախարարության փոխանցմամբ՝ մուտքի վիզաները տրամադրվելու են ռուս-աբխազական սահմանի «Փսոու» անցակետում: Սուխումը խոստանում է, որ աբխազական վիզաների տրամադրումը երրորդ երկրների քաղաքացիների համար այլ պետություններ` նախ և առաջ Վրաստան, այցելելու ժամանակ խնդիրներ չի հարուցի: «Աբխազիա այցելող արտասահմանցիների անձնագրերում որևէ նշում չի կատարվի: Մենք նրանց պարզապես անձնագրի ժամանակավոր ներդիր ենք տրամադրելու»,- նշում է ԱԳ փոխնախարարը: Աբխազական իշխանությունները չեն հստակեցնում, թե ինչպես են տարբերակելու ազատ մուտքի իրավունք ունեցող ԼՂՀ քաղաքացիներին, որ ճանապարհորդում են Աբխազիայի անկախությունը չճանաչած ՀՀ անձնագրերով: