Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ քննարկվել են ԵԱՏՄ-ի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների կարգավորմանը և ստեղծված իրավիճակում գլոբալ շուկայում ԵԱՏՄ պետությունների ընդհանուր ռազմավարությանը վերաբերող հարցեր։ Նազարբաևն ասել է, որ Սարգսյանի պաշտոնավարումը համընկել է համաշխարհային տնտեսության համար ծանր ժամանակներին և հեշտ չէ աճի նոր կետեր գտնել։ «Սակայն, վերջին հաշվով, մեր ինտեգրացիոն միավորման արդյունավետության շուրջ ես որևէ կասկած չունեմ։ Հատկապես, որ այսօր մի շարք երկրներ ցանկություն են հայտնում ԵԱՏՄ-ին միանալու կամ նրա հետ ընդհանուր ազատ առևտրային գոտի ստեղծելու»,- ասել է Նազարբաևը։ Սարգսյանը նշել է, որ Նազարբաևի դիրքորոշումը ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության հարցում սկզբունքային նշանակություն ունի, հենց նրա նախաձեռնությունն ու գաղափարներն են ընկած Եվրասիական միասնական տարածքի հիմքում: