ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի հարցով լրացուցիչ պլաններ չկան և չեն լինելու։ Երկուշաբթի հրապարակվել էր ԱՄՆ-ի ու ՌԴ-ի համատեղ հայտարարությունը Սիրիայի հարցով, համաձայն որի Սիրիայի կառավարական զորքի ու զինյալ ընդդիմության միջև հրադադարը պետք է հաստատվի փետրվարի 27-ին, սակայն այն չի տարածվելու «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և ՄԱԿ-ի ահաբեկչական համարած այլ խմբավորումների վրա։ The Guardian-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն լրացուցիչ պլան է քննարկում, որ ներառում է Սիրիայի բաժանումը, եթե հրադադարը տապալվի։