«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները ականանետներից կրակ են բացել Հալեպ և Հոմս քաղաքների բնակելի թաղամասերի ուղղությամբ` Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատումից հետո: Գրոհայիններն ականանետային կրակ են բացել Շիխա, Աշրաֆիա և Հալեպում քրդական թաղամասի ուղղությամբ Բենզիյադ թաղամասից, որտեղ գտնվում են հրադադարին չհամաձայնած խմբավորումները։ Նրանք գնդակոծել են անմիջապես կեսգիշերից հետո: Հոմսում գրոհայինները կրակ են բացել բանակի ուղղությամբ: Բնակելի թաղամասերի ուղղությամբ կրակը բացել են «Լիվա աս Սուլթան Մրադ» խմբավորման գրոհայինները, որ համագործակցում են «Ջեբհաթ ան- Նուսրայի» հետ։ Սիրիայի ժամանակով կեսգիշերից պաշտոնապես ուժի մեջ է մտել երկար սպասված հրադադարը Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության ջոկատների միջև: Համաձայն հայտարարության, որն արդեն ստացել է Դամասկոսի, ընդդիմադիր մի շարք խմբավորումների և Սիրիայի աջակցության միջազգային խմբի մի շարք երկրների հավանությունը, հրադադարը չի տարածվի «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ խմբավորումների վրա, որոնց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ահաբեկչական է ճանաչել։