Հայաստանը, որը ԵԱՏՄ անդամ է, ձգտում է Իրանի հետ առևտրական կապերի ընդլայնմամբ հավասարակշռել մասնակցությունը միությանը, որում Մոսկվան տիրապետող դիրք ունի՝ գրում է Իլան Բերմանը The Foreign Affairs-ում: Անցյալ տարվա ամռանը պատժամիջոցների վերացումն արդեն տնտեսական խթան է դառնում Իրանի համար: «Համաձայնագիրը (պաշտոնական անվանումը` Գործողությունների համատեղ համընդգրկուն պլան (Joint Comprehensive Plan of Action) երկիրը կանգնեցրել է ազգային ամուր վերականգնման ուղու վրա: Իրանի տնտեսական հորիզոններն ընդլայնվել են, մեծացել են նաև երկրի գլոբալ հավակնությունները: Թեհրանը, որը տարածաշրջանը դիտարկում է որպես միջազգային բևեռացման դեմ պատնեշ, երկար ժամանակ հետխորհրդային տարածքում ավելի մեծ դերի էր ձգտում: Երկար տարիներ Իրանի` որպես վտարյալի միջազգային կարգավիճակը և ԱՄՆ-ի ու Եվրոպայի տեսանակյունից սխալ կողմում հայտնվելու` տարածաշրջանի երկրների վախը սահմանափակում էին Իրանի տարածաշրջանային շփումները: Բայց այժմ, միջազգային պատժամիջոցներից ազատվելով, Իրանը թարմ հնարավորություններ է հայտնաբերում: Երկիրը տնտեսական տեսանկյունից խորապես ներթափանցում է տարածաշրջանային շուկաներ: Որպես գործադրվող ջանքերի մաս, Իրանը վերջին շաբաթների ընթացքում Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետությունների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) հետ թարմ դիվանագիտական բանակցություններ է սկսել այն էներգետիկ պլանների վերաբերյալ, որոնք Թեհրանին տարածաշրջանային պոտենցիալ խողովակաշարերում առանցքային խաղացող են դարձնում: Այդ բանակցություններն արդեն արդյունք են տալիս: Իրանը և Ադրբեջանը այս ամսվա վերջին տնտեսական համագործակցության նոր համաձայնագրերի ստորագրման ճանապարհին են: Հայաստանը ևս նպատակաուղղված է դեպի Իրանի հետ շփումների ընդլայնում: Այդ տեղաշարժերը արտացոլում են Հարավային Կովկասում ստեղծվող փոխհամաձայնությունը, որ մեկուսացումից դուրս եկած Իրանը կարող է տարածաշրջանի երկրների թոշնած տնտեսությունների համար տնտեսական կենսական զարկերակի վերածվել: