Աշխարհի առաջատար երկրների ֆինանսների նախարարները նախազգուշացրել են, որ համաշխարհային տնտեսությունը լրջորեն կվնասվի, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից՝ հայտնում է BBC-ն: Այս կանխատեսումը տեղ է գտել համատեղ հայտարարության մեջ, որը նրանք արել են Չինաստանում երկօրյա հանդիպումների ավարտին: G20-ի երկրների ֆինանսների նախարարները և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը Չինաստանի Շանհայ քաղաքում քննարկել են հիմնական խնդիրները, որ ծառացած են համաշխարհային տնտեսության առջև: «Աշխարհի խոշորագույն երկրների ֆինանսական առաջնորդները կայացրել են իրենց միաձայն վճիռը, ըստ որի՝ Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալը համաշխարհային տնտեսության համար ուժեղ ցնցում կլինի»,- BBC-ին հայտնել է Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը: ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն նշանակված է հունիսի 23-ին: Վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ այդ օրը բրիտանացիների որոշումը կլինի վերջնական, կրկնակի հանրաքվե չի լինի: