Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն շաբաթ օրը, Բինգյոլում ընդունելության ժամանակ, ասել է. «Քուրդ զինյալներն այսօր նման են հայ ավազակներին, ովքեր համագործակցում էին ռուսների հետ: Նրանք նույնիսկ դիվանագիտական ներկայացուցչություն են բացել Մոսկվայում»: Քրդական աղբյուրները մանրամասնել են, որ վարչապետը միտումնավոր մի քանի թեմաներ իրար է խառնել` մոլորության մեջ գցելու համար ունկնդիրներին: Քրդական միակ կազմակերպությունը, որ ներկայացուցչություն է բացել Մոսկվայում, Սիրիայի քրդերի շահերը ներկայացնող «Ժողովրդավարական միություն» կուսակցությունն է: Իսկ Թուրքիայի դեմ մարտական գործողությունների մեջ ներգրավված է Աբդուլա Օջալանի Քրդական բանվորական կուսակցությունը` PKK-ն: Չի բացառվում, որ քրդերի և ռուսական իշխանությունների համագործակցության մասին խոսելով` Դավութօղլուն ակնարկում էր Թուրքիայի քրդերի շահերը ներկայացնող խոշորագույն կուսակցության՝ խորհրդարանում ներկայացված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի տարեվերջյան այցը Մոսկվա:
«Համեմատելով հայերին և քրդերին` Դավութօղլուն վերջապես բացահայտեց իր իրական զգացմունքները: Ռուսների հետ համագործակցությունը թուրքերը հաճախ են մատնանշում որպես արդարացում 1914-18-ին ցեղասպանության ենթարկված հայերի կոտորածների համար»,- գրել է քրդական խնդիրները լուսաբանող Kurdishquestion.com կայքը: Բինգյոլի ճառում Դավութօղլուն վստահեցնում էր, որ 2002-ին իշխանության եկած իսլամիստները անում են ամեն ինչ ազգային փոքրամասնությունների իրավունքները երկրում պաշտպանելու համար: Որպես ապացույց՝ նա հարկ համարեց հավաքվածներին ողջունել Բինգյոլում բնակչության զգալի մասը կազմող զազա ժողովրդի լեզվով: «Այսօր ես ձեզ զազաերեն և քրդերեն եմ ողջունում: Հնարավո՞ր էր դա պատկերացնել տարիներ առաջ: Այսօր Թուրքիայի պետական հեռուստատեսությունը քրդերեն հաղորդումներ է հեռարձակում: Հնարավո՞ր էր տարիներ առաջ դա պատկերացնել»,- հայտարարում էր Թուրքիայի վարչապետը: