Ժնևում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնին։ Նա բարձր է գնահատել Հայաստանի նախաձեռնողական, հետևողական ջանքերը նոր ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ` ընդգծելով, որ այսօր միջազգային հանրությունն առավել վճռական է տրամադրված մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։ Նալբանդյանը շեշտել է. «Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք պարտավորված ենք զգում քայլեր ձեռնարկել մարդկության դեմ նոր հանցագործությունները բացառելու գործում միջազգային հանրության ջանքերի միավորման ուղղությամբ»։
Քննարկվել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով մարդու իրավունքներին, փոքրամասնություններին առնչվող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Նշվել է, որ Հայաստանը ապաստան է տվել Սիրիայից հեռացած 20 հազար փախստականների։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի և մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցություն է հաստատվել։ Զրուցակցի խնդրանքով Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։