Վիլյամ Սարոյանն ապրում և ստեղծագործում էր Ֆրեզնոյի Գուպեր միջնակարգ դպրոցից արևմուտք ընկած 2729 Գրիֆիֆ Վեյ (W Griffith Way) փողոցում գտնվող առանձնատանը: Այսօր մեծանուն գրողի տունը գտնվում է ամայացած ու դատարկված վիճակում՝ փայտե պատուհաններով, խնամքի բացակայության պատճառով լուրջ վերանորոգում պահանջող պատերով, հատակով և այլն: Խորապես գիտակցելով Սարոյանի թողած ժառանգության համամարդկային կարևորությունը, հաշվի առնելով անմխիթար վիճակը և նպատակ ունենալով փրկել ոչնչացումից՝ 2015-ին առանձնատունը գնեց Արթուր Ջանիբեկյանի հիմնադրած Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամը: Առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ իբրև մշակութային օջախ ոչ միայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ: Ինտելեկտուալ Ռենենսանս հիմնադրամը մշակում է և շուտով հանրության դատին կհանձնի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության պլանը: Հիմնադրամն առաջարկում է բոլոր ցանկացողներին ներկայացնել իրենց գաղափարները՝ ուղարկելով նամակ info@saroyanmuseum.com էլ. հասցեին: «Մենք մեծ ուրախությամբ կքննարկենք բոլոր առաջարկները»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում: