ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ արեց Հայաստանի իշխանություններին թափանցիկ հետաքննություն վարել և միջոցներ ձեռնարկել ընտրախախտումների մասին պնդումների առնչությամբ՝ Հայաստանի նախագահի նստավայրում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Նույնիսկ այս դժվարին ժամանակաշրջանում Եվրամիությունը Հայաստանի առևտրային առաջին գործընկերն է, Հայաստանում առաջին ներդրողն է և Հայաստանի առաջին դոնորն է: Խոսքը միայն դրամի մասին չէ, թեև այն փոքր դեր չի խաղում: Պետք է հատկապես ընդգծել ժողովրդավարության, օրենքի իշխանության, հակակոռուպցիոն պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների, սահմանադրական և դատական բարեփոխումների, արդարադատության և հաշվետվողականության կարևորությունը: Գիտեմ, որ այսօր հատուկ օր է՝ այս մասին խոսելու համար»,- ասաց Մոգերինին: Նա առանձնացրեց Ընտրական նոր օրենսգրքի հարցը: «Հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև ընտրական համակարգի բարեփոխմանը: Մենք քննարկել ենք սա, և այս բարեփոխումը պետք է ժամանակին արվի և արվի այնպես, որ շահագրգիռ բոլոր կողմերը կարողանան փոխհամաձայնության գալ դրա շուրջ»,- ասաց ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն: Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) փորձագետների խմբի սահմանադրական հանրաքվեի առնչությամբ արված առաջարկություններին, որոնք տեղ են գտել նրանց եզրափակիչ զեկույցում, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ առաջարկություններին, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն: «Առանց ընտրախախտումների մասին պնդումների թափանցիկ հետաքննության և համապատասխան միջոցներ ձեռնարկելու, և եթե այդ պնդումները հաստատվեն, սահմանադրական վերջին հանրաքվեն բաց թողնված հնարավորություն կլինի՝ Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունն ամրապնդելու համար»,- շեշտեց Ֆեդերիկա Մոգերինին: «ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ առաջընթաց գրանցելու քաղաքական, սոցիալական բարեփոխումների գործում, շարժունակության օրակարգում և բարելավելու մարդու իրավունքների պաշտպանությունն ու հիմնարար ազատությունների ամրապնդումը»,- ասաց նա:
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին մոտ մեկ ժամ փակ դռների հետևում հանդիպեց 8 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեից մինչև Մարտի 1-ի գործի բացահայտում՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով` այս հարցերն են հիմնականում եղել օրակարգում։