«Ամերիկայի ձայն»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ավարտվել է սուպեր երեքշաբթին, երբ 11 նահանգներում նախնական ընտրություններ էին անցկացվում: Հանրապետականներից հաղթանակ տարավ Դոնալդ Թրամփը՝ առաջին տեղը զբաղեցնելով 7 նահանգներում: Թրամփի խոսքով, հանրապետականների շրջանում իր թեկնածությունը լուրջ այլընտրանք չունի. «Նրանք լուրջ պարտություն են կրում երկրով մեկ: Տեսե՞լ եք Բլումբերգի վերջին հարցումը»: Դեմոկրատական կուսակցության ներսում պայքարն ավելի կոշտ էր: Սուպեր երեքշաբթիի առաջատարն էր նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա հաղթեց Ալաբամայում, Արկանզասում, Ջորջիայում, Մասաչուսեթսում, Թենեսիում, Թեքսասում ու Վիրջինիայում: Քլինթոնը նախընտրական պայքարում ընդգծում է փորձառությունն ու առաջնորդի հատկությունները, որոնք թույլ են տալու հաղթանակի դեպքում իրականացնել տրված խոստումները. «Ժամանակն է քանդել մեր հասարակության մեջ եղած սահմանները, վերջնականապես լուծում տալ ռասիզմին և զարգացնել թերզարգացած համայնքները»: Վերլուծաբանների խոսքով, Վերմոնտի սենատոր Բերնի Սանդերսի համար բարդ է պայքարել Քլինթոնի կողմնակիցների խմբերի զարգացած ցանցի դեմ: Դեմոկրատ Սանդերսն ու հանրապետական Թրամփն ունեն ընդհանուր հաղթաթուղթ՝ նրանք ընկալվում են որպես քաղաքական աշխարհին չպատկանող թեկնածուներ՝ կարծում է Ռայսի համալսարանի քաղաքագիտության դասախոս Մ. Ջոնսը. «Մարդիկ, հավանաբար տարբեր պատճառներով դժգոհ են ներկա իրավիճակից, մինչդեռ երկուսն էլ՝ և Սանդերսը և Թրամփը, արմատական փոփոխություններ են խոստանում»: Սուպեր երեքշաբթին, թեև կարևորագույն դեր է խաղում, սակայն չի արտահայտում ամբողջ երկրի պատկերը: Սուպեր երեքշաբթին անցկացվում է հիմնականում պահպանողական նահանգներում, լիբերալ նահանգներում բնակվող հանրապետականների և դեմոկրատների ընտրությունը կարող է զգալիորեն տարբերվել: