Իտալացի հատուկ ջոկատայինները դահլիճից դուրս են բերել Բաքվի բղավող դիվանագետներին՝ Հռոմում, մարդու իրավունքների հարցերով համաժողովի ժամանակ, որը կազմակերպել են Amnesty International-ի իտալական մասնաճյուղն ու Իտալական մամուլի ազգային ֆեդերացիան (FNSI): Իտալական Osservatore Balcani e Caucaso պարբերականի թղթակից Սիմոնե Ձոպելարոն NEWS.am-ին ասել է, որ ադրբեջանական դեսպանությունը նախկինում նույնպես ճնշում է գործադրել՝ Ադրբեջանում մարդու իրավունքների քննարկումները սաբոտաժի ենթարկելու համար: Ծրագրվում էր Իտալիայում 4 միջոցառում անցկացնել ադրբեջանական հայտնի հասարակական գործիչներ Արիֆ և Լեյլա Յունուսների դստեր՝ Դինարա Յունուսի մասնակցությամբ: Ադրբեջանական կողմի ճնշումների պատճառով Ֆլորենցիայի դպրոցներից մեկում նախանշված միջոցառումը ստիպված են եղել փոխադրել այլ վայր: «Իսկ Հռոմում կայացած հանդիպմանն ադրբեջանական դեսպանատան աշխատակիցներն անձամբ ներկայացան: Դեսպանության առաջին խորհրդականին խոսքի իրավունք չտվեցին, և նա սկսեց բղավել: Միջամտեց հատուկ նշանակության ոստիկանությունը և դուրս տարավ նրան ու մյուս աշխատակիցներին: Ոստիկանություն էր կանչել Amnesty-ն, որը մի քանի օր առաջ սպառնալիքներ էր ստացել»,- ասել է Սիմոնե Ձոպելարոն: