ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Լեռնային Ղարաբաղի հարցով: Կոնգրեսականները խնդրում են, որ Բարաք Օբաման իր «հնարավորություններն օգտագործելով՝ անձամբ ճնշումներ գործադրի Ադրբեջանի նախագահի վրա»՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը միտված երեք պահանջներն ընդունելու նպատակով: Նամակի հեղինակներն այս քայլին են դիմում մարտի վերջին Վաշինգտոն Իլհամ Ալիևի կատարելիք այցից առաջ: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և դեմոկրատ անդամ Էլիոթ Ինգըլը առաջարկել էին խաղաղությանը միտված երեք կոնկրետ քայլ, որոնք կարճաժամկետ հեռանկարում կփրկեն կյանքեր և կօգնեն խուսափել պատերազմից, իսկ երկարատև հեռանկարում կնպաստեն համընդգրկուն և տևական խաղաղության հաստատմանը: Այդ քայլերն են՝ շփման գծում դիպուկահարներ չտեղակայելու մասին բոլոր կողմերի համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի դիտարկող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, նույն նպատակով ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում։
Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, ԵԱՀԿ-ն աջակցել են նախաձեռնություններին, Ադրբեջանը ընդդիմանում է: «Մենք միանում ենք հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին և կոնգրեսմեն Բրեդ Շերմանին»,- հայտարարել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, վերահաստատելով Ադրբեջանի նախագահի նկատմամբ ճնշումներ գործադրելու՝ նախագահ Բարաք Օբամայի «բացառիկ հնարավորությունները»: Էդ Ռոյսի և Էլիոթ Ինգըլի նախաձեռնությանը միացել է 80 կոնգրեսական: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ողջունել է նրանց առաջարկը: