ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը, ընդունելով օրինագիծ, Կոնգրեսին մեկ քայլ մոտեցրել է քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի և ասորիների, եզդիների և այլ կրոնական փոքրամասնությունների, դեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանցագործությունները որպես ցեղասպանություն համարելուն ու դատապարտելուն՝ գրում է asbarez.com-ը՝ վկայակոչելով Հայ դատի հանձնախմբին: «Հայ դատի հանձնախումբը ողջունում է հանձնաժողովի կողմից 75-րդ բանաձևի ընդունումը և կարևոր քայլ է համարում քաղաքական ընտրությունից մինչև բարոյական հրամայական ցեղասպանության վերաբերյալ մեր կառավարության արձագանքը փոխելու ուղղությամբ»,- ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ «Մեր դիրքորոշումը ցեղասպանության հարցում պետք է անվերապահ լինի։ Մենք կոչ ենք անում Օբամայի վարչակազմին և Կոնգրեսին հստակ և միանշանակ խոսել այս թեմայով»,- հավելել է նա։ Բանաձևի ընդունումը ճանապարհ է հարթում հարցը Կոնգրեսում քննարկելու համար և տեղի է ունենում մարտի 17-ից շաբաթներ առաջ, երբ Օբամայի վարչակազմն ԻՊ-ի կողմից փոքրամասնությունների հանդեպ հանցագործությունների հարցի վերաբերյալ իր պաշտոնական որոշումը պետք է ներկայացնի։ Բանաձևում նշվում է, որ այս համայնքների դեմ ԻՊ-ի հանցագործությունները «պատերազմական, մարդկության դեմ հանցագործություն են, ինչպես նաև՝ ցեղասպանություն»։ Բանաձևը կոչ է անում բոլոր երկրների ղեկավարություններին ճանաչել որպես այդպիսին և համակարգված միջազգային արշավ սկսել՝ բռնությունը դադարեցնելու նպատակով: