Թուրքական կառավարության դաժան գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ Անկարայի կապերն ու նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միապետական իշխանությունը Թուրքիային ամբողջությամբ հեղինակազրկել են այլ պետությունների աչքում՝ գրում է The Independent-ը։ Վերջին հարցազրույցում Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան ՈՒնալ Չևիքոզը հայտարարել է, որ այժմ ԱՄՆ-ն ու միջազգային կոալիցիան Անկարային արդեն ոչ թե օգնական են ընկալում, այլ, ավելի շուտ, ծանր բեռ։ «Երկիրը վերջնականապես կորցրել է իր տեղը՝ որպես տարածաշրջանի կարևոր խաղացող, որը կարող է օժանդակել հակամարտությունների լուծմանը»,- ասել է նա։ Պետության «անկման» մեջ հիմնական դերը խաղացել է նրա նախագահը, որ վերջին շրջանում չափազանց հաճախ է ցուցադրում իր նախընտրությունները ոչ միայն միջազգային իրավունքի, այլև մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների նկատմամբ` կարծելով, որ երկրի ղեկավարի կարգավիճակը թույլ է տալիս իրեն դնել օրենքի տեղն ու միանձնյա վճռել յուրաքանչյուր քաղաքացու ճակատագիրը։ Վերջին դեպքը, երբ Էրդողանը հայտարարեց, որ չի ճանաչում Սահմանադրական դատարանի վճիռը՝ լրագրողներ Ջան Դյունդարի ու Էրդեն Գյուլի ձերբակալությունը ոչ իրավաչափ համարելու վերաբերյալ, խախտում է բոլոր սահմաններն ու նախագահին չափազանց վտանգավոր է դարձնում: Էրդողանն ամենուր թշնամիներ է տեսնում, և նախագահին վիրավորելու մեջ մեղադրվող անձանց ցանկը մշտապես աճում է։ «Մեղավորների» թվում արդեն հայտնվել են ֆուտբոլի աշխարհի նախկին չեմպիոնը, թերթերի խմբագիրներ, մեկնաբաններ, գիտնականներ ու համալսարանի ուսանողներ։ «Մինչ այսօր 1854 մարդ պատասխանատվության է ենթարկվել այդ հանցագործության համար»,- գրում է հեղինակը։