Երեկ երեկոյան Փարիզում հանդիպել են ՈՒկրաինայի հակամարտության խնդրով «նորմանդյան քառյակի»` ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Պավել Կլիմկինը, Սերգեյ Լավրովը, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Մարկ Էրոն։ Անանուն դիվանագետներից մեկի փոխանցմամբ, Փարիզում «կար որոշակի դրական տեղաշարժ, բայց առաջխաղացում, որպես այդպիսին, չկար»։ Օրակարգի երկու հիմնական հարցերն էին փխրուն հրադադարի պահպանումը և Արևելյան ՈՒկրաինայում տեղական ընտրությունների անցկացումը։ Հենց վերջինի շուրջ են երեկ ծավալվել ուկրաինացիների և ռուսների առավել թեժ վեճերը։ ՈՒկրաինայի արտգործնախարար Կլիմկինն ասել է, թե առանց անվտանգության երաշխավորման ընտրություն հնարավոր չէ։ «Ես ընդգծել եմ անվտանգության կարևորությունը, եթե դա չլինի, մենք չենք կարող որևէ ուրիշ հարց լուծել։ Եվ դա միջազգային համայնքի լուրջ ներգրավվածություն է պահանջում»,- հայտարարել է Կլիմկինը։ Ռուսական կողմը պատրաստ է ընդունել տեղական ընտրությունների վերաբերյալ ֆրանսիացիների և գերմանացիների առաջարկը։ Մոսկվան պնդում է, թե ուկրաինացիները շատ հաճախ են խախտում հրադադարը։ «Թեպետ աշխարհազորայիններն էլ երբեմն մեղքեր են գործում»,- ավելացրել է Լավրովը։ Ասելով «աշխարհազորային», ռուսները նկատի ունեն Դոնբասի անջատականներին։ Կիևը պնդում է, որ անհրաժեշտ է բացարձակ և համապարփակ հրադադար, այլապես ընտրական օրենսգիրքը բարեփոխելու իմաստ չկա։ Այժմ մարտական լայնածավալ գործողություններ չկան, բայց հրադադարի ռեժիմը հաճախ է խախտվում։ Լավրովն ակնարկել է, թե Մոսկվան անջատականներին կհամոզի կատարել հրադադարի պահանջները և մասնակցել տեղական ընտրություններին։ Ֆրանսիայի համոզմամբ, Ռուսաստանը և ՈՒկրաինան պետք է ավելին անեն Մինսկի համաձայնագիրը կատարելու համար։ «Մենք դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք, բայց սա ճիշտ ընտրած ճանապարհ է, մենք պետք է հստակ և վճռական առաջ գնանք»,- ասել է Էրոն։ Գերմանիայի արտգործնախարարը չի թաքցրել, որ ոգևորված չէ փարիզյան հանդիպումից հետո։ «Ինձ չի բավարարել բանակցության սեղանի շուրջ Մոսկվայի և Կիևի մոտեցումը։ Իրավիճակն Արևելյան ՈՒկրաինայում կարող է սրվել ցանկացած պահի, դա պետք է լուրջ ըմբռնել»,- ասել է Շտայնմայերը։ Անանուն դիվանագետներից մեկը փոխանցել է «Ռոյթեր»-ին, որ Ֆրանսիան և Գերմանիան շարունակելու են Կիևին համոզել` ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որ անհրաժեշտ է այս տարվա առաջին կիսամյակում Դոնբասում տեղական ընտրություններ անցկացնելու համար։ «Կոնսենսուսի հասնելու ձախողումը չի նշանակում, որ ընդհանրապես որևէ առաջխաղացում չկա»,- ասել է դիվանագետը։