Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկօրյա այցով Իրանում է։ Նա Իրանում բանակցություններ է վարելու Հասան Ռոհանիի հետ։ Այդ հանդիպումներում Մերձավոր Արևելքում երկու խոշորագույն խաղացողների պաշտոնատար անձինք քննարկելու են տարածաշրջանային հարցեր, ինչը մասնավորապես վերաբերում է Սիրիայում տիրող իրավիճակին, մարտի 9-ին Ժնևում մեկնարկող խաղաղության առաջիկա բանակցություններին։ Թուրքական մամուլի համաձայն՝ Դավութօղլուն Իրան մեկնելուց առաջ անսպասելիորեն այցելել է երկրի հարավարևելյան հատվածում գտնվող քրդաբնակ Շրնաք նահանգի Սիլոփի շրջան, որը մեծապես տուժել է վերջին շրջանում թուրք ուժայինների հատուկ գործողություններից։ Դավութօղլուն հանդիպել է տեղաբնակների հետ և ընդգծել, որ այդ գործողությունը միտված է եղել անվտանգության ապահովմանը։