Թեհրանն ու Անկարան պետք է միասին աշխատեն` Մերձավոր Արևելքում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու և օտարերկրացիների ներթափանցումը տարածաշրջան կանխելու համար՝ ասել է պաշտոնական այցով Իրանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է Mehr գործակալությունը: «Իրանն ու Թուրքիան կարող են տարբեր կարծիքներ ունենալ որոշ հարցերի շուրջ, բայց նրանց պատմությունը երբեք չի փոխվի, և աշխարհագրորեն երկու հարևան երկրները համալրում են միմյանց: Թեհրանն ու Անկարան պետք է միասին աշխատեն, որ օգնեն վերականգնել Մերձավոր Արևելքում անվտանգությունն ու կայունությունը, և կանխեն օտարերկրացիների ներթափանցումը տարածաշրջան»,- ասել է Դավութօղլուն: Վարչապետը հիշեցրել է, որ Թուրքիան «չի լքել Իրանին, երբ նա միջազգային պատժամիջոցների տակ էր»: