ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, որ մարտի 4-ին այցելել է Բաքու, գոհունակություն է հայտնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից։ Կարասինը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցը. «Մենք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկեցինք երկկողմ հարաբերությունները, քաղաքական մակարդակով առաջիկա հանդիպումների գրաֆիկը։ Բնականաբար, մենք քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները, Հարավային Կովկասի հարցերը, տարածաշրջանային երկրների հետ մեր հարաբերությունները։ Հանդիպումը ստացվեց շատ կառուցողական, արդյունավետ ու հետաքրքիր»։ Կարասինի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է Կասպիցի հարցում համագործակցության հարցը. «Առանձին ուշադրություն է հատկացվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային, այն փաստաթղթերի մշակմանը, որոնք առնչվում են Կասպիցում միջազգային համագործակցությանը»։