Ըստ Եվրոպական միության վիճակագրական ծառայության՝ Eurostat-ի տվյալների՝ 2015 թ. ԵՄ տարածք են մտել 1,25 մլն միգրանտ՝ մեծ մասամբ մուսուլմանական երկրներից: Ներգաղթյալների ամենամեծ խումբը Սիրիայից է՝ 363 հազար մարդ: 178 200 միգրանտ է եկել Աֆղանստանից, 121500-ը՝ Իրաքից: Ներգաղթյալների նախընտրած եվրոպական երկիրը Գերմանիան է, որտեղ հանգրվանել է 441800 մարդ, ապա՝ Հունգարիան՝ 174 400 մարդ, եռյակը եզրափակում է Շվեդիան, որն ընդունել է 156100 մարդ: Սիրիական հակամարտության հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը օգտագործում են տարաբնույթ խնդիրների պատճառով իրենց երկրները լքել ցանկացող հարյուր հազարավոր մարդիկ: Միգրանտներին, որպես ԵՄ-ի վրա ազդելու գործուն լծակ, արդյունավետ օգտագործում են թուրքական իշխանությունները: The Financial Times-ի տեղեկատվությամբ՝ ԵՄ-ը և Թուրքիան մոտ են ապօրինի ներգաղթյալների վերաբերյալ «հեղափոխական համաձայնագրի» ստորագրմանը, ըստ որի՝ հունական կղզիներ ժամանած միգրանտները հետ են դարձվելու Թուրքիայի տարածք. բացառություն են միայն Սիրիայի քաղաքացիները, ում փախստական դառնալու հիմնապատճառն անվտանգության խնդիրներն են: Անկարան պարտավորվում է վճռականորեն կանխել մաքսանենգ եղանակներով մարդկանց դեպի եվրոպական երկրներ տեղափոխման գործընթացը, իսկ Բրյուսելի առաջնախնդիրն է ներգաղթյալների՝ դեպի Թուրքիայի տարածք վերադարձի համակարգի մշակումը: