Մարտի 5-ին՝ Թեհրան պաշտոնական այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Անկարան և Թեհրանը պետք է ընդհանուր մոտեցումներ որդեգրեն տարածաշրջանում կրոնական հողի վրա բախումները դադարեցնելու համար։ «Թեև մեր տեսակետները տարբերվում են, բայց մենք ի զորու չենք փոխելու մեր պատմությունը կամ աշխարհագրությունը»,- ասել է Դավութօղլուն՝ Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Թուրքիայի և Իրանի համար ծայրաստիճան կարևոր խնդիր է՝ ընդհանուր մոտեցումներ որդեգրել, որ վերջ դրվի մեր տարածաշրջանում մոլեգնող եղբայրասպան պատերազմին, դադարեցվեն էթնիկ և կրոնական հակամարտությունները»,- հավելել է թուրք պաշտոնյան։
Ջահանգիրին ընդունել է, որ երկու երկրների տեսակետները «տարբերվում են որոշ տարածաշրջանային հարցերում», սակայն հավելել է՝ Թեհրանը «վճռական է տարածաշրջանում կայունություն հաստատելու հարցում»։ Թուրքիան և Իրանը, մասնավորապես, տարակարծիք են Սիրիայում շարունակվող հակամարտության հարցում։ Իրանի իշխող շիա վարչակարգը աջակցում է Սիրիայի ալավիտ նախագահ Բաշար Ասադին, մինչդեռ Թուրքիան նրա հակառակորդն է և աջակցում է սուննի ընդդիմությանը։ Թուրքիան նաև ջերմ հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի հետ, որը վերջերս խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ։