Եվրամիությունը կրկին կոչ է անում Անկարային վերսկսել քրդերի հետ խաղաղ բանակցությունները՝ հարցը կքննարկվի ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում՝ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Մենք աշխատում ենք Թուրքիայի հետ՝ ինչպես թեկնածու երկրի, և շատ ուշադիր հետևում ենք ներքին իրավիճակին: Անհրաժեշտ է վերագործարկել քրդական գործընթացը: Եվրամիությունն ընդունում է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն է, բայց անհրաժեշտ է, որ թուրքական իշխանությունները համագործակցեն քրդական քաղաքական ներկայացուցիչների հետ, նրանց հետ, ովքեր իրենց դիրքորոշումն արտահայտում են խաղաղ՝ երկրի ներսում քրդական հարցի լուծման հեռանկարներ տրամադրելու համար: Մենք դա նույնպես այսօր կքննարկենք վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ»,- ասել է Մոգերինին Բրյուսելում գագաթնաժողովից առաջ: Մոգերինին հավելել է նաև, որ Թուրքիան պետք է պատասխանի խոսքի և հավաքների ազատության պաշտպանության վերաբերյալ Եվրամիության կոչերին։ «Թուրքիան պետք է պատասխանի Եվրամիության կոչերին, և որպես թեկնածու երկիր՝ հետևի ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, հիմնարար ազատություններին վերաբերող չափանիշներին»,- ասել է նա լրագրողներին։