Ադրբեջանը հաստատակամ է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի գործունեության փոփոխության հարցում՝ կիրակի երեկոյան ANS հեռուստաընկերության ամենշաբաթյա վերլուծական ծրագրով հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը: «Գերմանիան այժմ ԵԱՀԿ-ի նախագահող պետությունն է, և գերմանացիներին այդ առաջարկն արվել է: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել մեր նպատակին»,- ասել է Ազիմովը: Նա կարծում է, որ Մինսկի խմբին մաս կազմող բոլոր պետությունների մասնակցությունը կարգավորման բանակցություններին կուժեղացնի ադրբեջանական դիվանագիտության դիրքերը: «Մինսկի խմբի ամբողջական ձևաչափի կիրառումը միջազգային հանրության կողմից Հայաստանի դեմ կիրառվող հավելյալ ճնշման միջոց կարող է դառնալ: Կարծում եմ, որ, ասենք, Գերմանիայի, Շվեդիայի, Թուրքիայի գործունեությունն ու դերակատարությունը Մինսկի խմբում կարող են ավելի արդյունավետ լինել»,- նշել է Ազիմովը: Նա հիշեցրել է, որ վերջին անգամ Մինսկի խումբը լիագումար նիստեր հրավիրել է 1995-96-ին, հետո բանակցային գործընթացը պարփակվել է երեք համանախագահ պետությունների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի շրջանակում: «2012-ին, երբ լրանում էր Մինսկի գործընթացի 20-ամյակը, Ադրբեջանն առաջարկեց Մինսկի կոնֆերանսի լիագումար նիստ հրավիրել: Մի շարք պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, միանշանակ աջակցեցին մեր առաջարկին: Չնայած դրան, նախաձեռնությունն այդպես էլ իրականություն չդարձավ»,- նշել է Արազ Ազիմովը` հատուկ ընդգծելով, որ ղարաբաղյան կարգավորման ճանապարհին պարբերաբար ծագող հիմնական խոչընդոտներից մեկը համանախագահ պետությունների տարաձայնություններն են: «Որոշ ժամանակահատվածներում, երբ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում վատթարացում կամ լարվածություն է նկատվում, Մինսկի գործընթացի շրջանակներում մենք զգում ենք: Մյուս կողմից, Հայաստանն իրեն լավ է զգում, քանի որ միջազգային հանրության շրջանում հակամարտության մասին շատ ավելի քիչ տեղեկատվություն է տարածվում և Հայաստանի վրա շատ ավելի քիչ ճնշում է գործադրվում»,- պնդում էր Ազիմովը: ANS-ին տված հարցազրույցում նա Հայաստանին ռուսական զենք գնելու նպատակով տրամադրված 200 միլիոն դոլարի վարկի մասին ասել է, որ Ադրբեջանի իշխանությունների համար անակնկալ չէր: «Ռուսաստանի և Հայաստանի ռազմաքաղաքական դաշինքի գոյությունը որևէ մեկին չի զարմացնում: Մի քանի տարի է արդեն, ինչ այն գոյություն ունի և կնքված պայմանագրերի համաձայն՝ դեռ մի 40-50 տարի էլ գոյություն կունենա: Այդ պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը Հայաստանի տարածքում իր զորքերն է տեղակայել, նոր զինատեսակներ է մատակարարում, սակայն հենց ինքն էլ վերահսկում է: Ռուսաստանը նաև վերահսկում է Հայաստանի օդային տարածքն ու սահմանները, ապահովում է Հայաստանի հակաօդային պաշտպանությունը: Չմոռանանք, որ Հայաստանի տնտեսության 70 տոկոսը Ռուսաստանին է պատկանում: Նման պայմաններում ես չեմ կարծում, թե Ռուսաստանը կհրաժարվեր Հայաստանին աջակցություն ցուցաբերելուց»,- նշել է Ազիմովը: Նա քիչ հավանական է համարում, որ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվի: «Ռուսաստանը տարածաշրջանում պատերազմի վերսկսման որևէ շահագրգռություն չունի: Մոսկվան արդեն իսկ ներքաշվել է Սիրիայի պատերազմում, և նոր ռազմաճակատի ի հայտ գալը Ռուսաստանի շահերին չի համապատասխանում: Բայց եթե պատերազմ սկսվի, Ադրբեջանը վարելու է իր տարածքում, վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը և հայկական տարածքներ չի ներխուժելու: Նման պայմաններում Ռուսաստանի միջամտությունը ի պաշտպանություն հայերի իրավական որևէ հիմք ունենալ չի կարող: Այդ դեպքում հայերի պարբերաբար հիշատակած ՀԱՊԿ-ի դրույթների կիրառումը պարզապես անհնարին կլինի և իրավական տեսանկյունից ոչ ճիշտ»,- հայտարարել է Ազիմովը: