ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «կորցրել է պատրանքները», որոնք առաջացել էին «արաբական գարնան» իրադարձությունների կապակցությամբ, հիասթափվել է Մերձավոր Արևելքի պետությունների և Թուրքիայի առաջնորդներից՝ էլեկտրոնային տարբերակում գրում է Atlantic ամսագիրը, որը ԱՄՆ վարչակազմի ղեկավարի և այլ բարձրաստիճան ամերիկացի և արտասահմանցի պաշտոնատար անձանց հարցազրույցների հիման վրա պատրաստել է ընդարձակ հոդված, որը կհրապարակվի ապրիլին։ Ամսագրի վկայությամբ` ոչ վաղ անցյալում Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին համարում էր «չափավոր մուսուլման առաջնորդ, որ կհաղթահարի Արևելքի և Արևմուտքի միջև բաժանումը»: Սակայն այժմ Սպիտակ տան ղեկավարն «Էրդողանին դիտարկում է անհաջողակ և ավտորիտար ղեկավար», որ հրաժարվում է օգտագործել հսկայական բանակը` Սիրիայում կայունությունն ապահովելու նպատակով: Օբաման լարված հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի իշխանությունների և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: 2014-ին ՈՒելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Օբաման Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդին առաջարկել էր չբողոքել իրեն ԱՄՆ Կոնգրեսի անդամների թվում իր վաղեմի ծանոթներից, այլ ուղղակիորեն բարձրացնել իրեն հուզող հարցերն ամերիկյան վարչակազմի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։
Atlantic-ը ներկայացրել է նաև Օբամա-Պուտին հարաբերությունները: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համաձայն չէ, թե Պուտինը թողնում է չարացած ու կոշտ մարդու տպավորություն. «Ճշմարտությունն ընդհանրապես այն է, որ Պուտինը մեր հանդիպումներում ընդգծված հարգալից է, ծայրահեղ անկեղծ: Նա երբեք ինձ չի ստիպում սպասել երկու ժամ, ինչպես վարվում է որոշ այլ մարդկանց հետ»:
Նա նշել է, որ Պուտինը ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունը ավելի կարևոր է համարում, քան կարծում են Ամերիկայում: «Նա մշտապես շահագրգռված է մեզ հետ աշխատանքով, որ երևա մեր գործընկեր, որովհետև նա այդքան էլ հիմար (he’s not completely stupid) չէ», ասում է Օբաման: Նրա խոսքով՝ Պուտինը հասկանում է, որ Ռուսաստանն այժմ կորցնում է իր դիրքերն աշխարհում, «և այն փաստը, որ նա ներխուժել է Ղրիմ կամ փորձում է աջակցել Ասադին, նրան չի դարձնում հանկարծակի խաղացող: Դուք չեք տեսնի նրան որևէ մի հանդիպման, որտեղ օրակարգ է ձևավորվում», ասել է Օբաման: Օբաման համարում է, որ ՈՒկրաինայի դեպքում Պուտինը պատասխանեց «արբանյակ պետության գործողություններին, որը դուրս էր սահում իր ձեռքից»: Նույնը նա արեց Սիրիայում, և դա էլ հսկայական միջոցներ արժեցավ նրա երկրին, կարծում է Օբաման: