Ռուսաստանը շարունակում է հետևողական աշխատանք տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, սակայն վերջնական որոշում կարող են կայացնել միայն հակամարտության անմիջական մասնակիցները՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա, իրոք, միանգամյա ջանք չէ, այլ հետևողական գիծ, որ կա միջազգային ձևաչափերում։ Լինելով այդ ձևաչափերի պատասխանատու մասնակից՝ Ռուսաստանը շարունակում է հետևողական աշխատանքը։ Սակայն կոնկրետ որոշումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են անել միայն հակամարտության մասնակիցները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե այդ ուղղությամբ վերջին շրջանում ինչ քայլեր է ձեռնարկում Կրեմլը։ «Ոչ միջազգային միջնորդները, ոչ Ռուսաստանը չեն կարող հակամարտությունը լուծել Հայաստանի կամ Ադրբեջանի փոխարեն»,- ասել է Պեսկովը։