Երկուշաբթի Ժնևում նախատեսված Սիրիայի հարցով բանակցություններին ընդառաջ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները Փարիզում բանակցություններ են անցկացնում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում հայտարարել է. - «Մեր ուղերձն է, որ պետք է լինենք միասնական»: Reuters-ը փոխանցում է Ջոն Քերիի հրապարակած տվյալները, ըստ որոնց՝ «վերջին 3 շաբաթներին «Իսլամական պետություն»-ը կորցրել է Սիրիայում իր վերահսկողության տակ եղած 3 հազար քառակուսի կիլոմետր տարածք և 600 գրոհայինի»: «Մենք հաստատապես աջակցում ենք ՄԱԿ-ի ջանքերին երկուշաբթի Ժնևում նախատեսվող բանակցությունների առնչությամբ», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:
ՄԱԿ-ը հորդորել է Սիրիային 18 ամսում անցկացնել նախագահի ընտրություններ: Սիրիական ընդդիմությունը պնդում է, որ նոր կառավարության կազմում չի կարող ընդգրկվել նախագահ Բաշար Ասադը: Սիրիայի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է՝ ոչ մի հարց նախագահի ընտրությունների կապակցությամբ:
Ջոն Քերիի խոսքով, «Սիրիայի կառավարության մեկնաբանությունները խաղաղ բանակցությունների վերաբերյալ փորձում են խանգարել գործընթացին»:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Սիրիայի արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունները խաղաղ բանակցությունների վերաբերյալ «սադրանք են, չեն համապատասխանում հրադադարի ոգուն»:
«Սիրիայի հարցով բանակցությունները կլինեն դժվար, հրադադարը, մարդասիրական օգնությունը պետք է շարունակվի՝ անկախ բանակցություններից», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն: Ըստ Ջոն Քերիի, Ռուսաստանը, Իրանը պետք է մտահոգված լինեն, որ Սիրիայի կառավարությունը դուրս է մնում բանակցություններից, որոնց նախապես համաձայնություն էր տվել: