ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Ատլանտիկին» տված հարցազրույցում բացահայտել է արտաքին քաղաքականության հարցերում իր մոտեցումները և գաղտնիքները:
Քննարկվող հարցերից կարևորագույն տեղն է զբաղեցրել Մերձավոր Արևելքի ճգնաժամի կարգավորման հեռանկարը: Օբաման, որ 2012-ին քննադատվել էր Սիրիան ռմբակոծելուց հրաժարվելու համար, հիշեցնում է, որ ժամանակը ցույց տվեց իր որոշման արդարացիությունը. «Ես հպարտ եմ այդ պահով, երբ հրաժարվեցի վավերացնել Սիրիայի ռմբակոծումները: Այն փաստը, որ ես ի վիճակի էի որոշումս փոխել չնայած ճնշումներին և անել այն, ինչ, իմ կարծիքով, Ամերիկայի շահերից էր բխում, ոչ միայն Սիրիայի, այլև՝ մեր ժողովրդավարության հետ կապված հնարավոր ամենաբարդ որոշումներից մեկն էր, և հավատացած եմ, արդարացի որոշում էր»։ 2012-ին այդ որոշումը նա ընդունել էր չնայած հսկայական ճնշումներին Կոնգրեսի հանրապետականների ու իր աշխատակազմի կողմից: «Վաշինգտոնում կա մի գործելաոճ, և ակնկալվում է, որ նախագահները դրան պիտի հետևեն: Այդ գործելաոճը գալիս է արտաքին քաղաքական հաստատություններից և կանխատեսում է, որ տարբեր իրադարձությունների նկատմամբ արձագանքը հիմնականում լինի ռազմական: Այն դեպքերում, երբ Ամերիկային ուղղակի վտանգ է սպառնում, այդ գործելաոճն աշխատում է, սակայն կարող է ծուղակ դառնալ և տանել դեպի վատ որոշումների ընդունում: Սիրիայի նման միջազգային մարտահրավերի դեպքում գործելաոճին չհետևողները խիստ քննադատության ենք արժանանում, նույնիսկ եթե կան լուրջ պատճառներ»: Օբաման գիտակցում էր, որ Սիրիայի վերաբերյալ այդ որոշումը 2012-ին քաղաքական հետևանքներ է ունենալու և պատրաստ էր դրան: Մինչ օրս Սիրիայի նկատմամբ այդ որոշումը շատերը համարում են Օբամայի թույլ կողմերից մեկը: Սակայն, վերլուծաբանների խոսքով, Սիրիայի ռմբակոծումը 2012-ին չէր լուծի քիմիական զենքի ոչնչացման խնդիրը, որը մի քանի ամիս անց Սիրիան համաձայնեց ինքնակամ ոչնչացնել: Այսպիսով, ռմբակոծման դեպքում, այսօր Սիրիայում կլինեին նույն ահաբեկչական ԴԱԻՇ-ի զինյալները, որոնք, սակայն, զինված կլինեին նաև կառավարությունից խլված քիմիական զենքով: