Russia-armenia.info-ի կայքում հրապարակվել է ռազմական փորձագետ Իվան Կռիլովի «Բաքուն ԴԱԻՇ-ի զինյալներին վերավաճառում է ռուսական սպառազինությունը» հոդվածը. «Օրեր առաջ անսպասելի այցով Բաքու ժամանեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ Մամուլում որևէ կոնկրետ տեղեկատվություն չկա, թե հենց ինչն է դրդել Ռոգոզինին՝ «Ռոսօբոռոնէքսպորտ» ռուսական սպառազինության հատուկ արտահանողի ու Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավարության ներկայացուցիչների հետ այդքան հանկարծակի այցելել Ադրբեջանի մայրաքաղաք։ Ռուսաստանի փոխվարչապետը բանակցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հնարավոր է՝ հիմնական, սակայն չհայտարարված թեմաներից մեկը դարձավ ռուսական զենքը ԴԱԻՇ-ի ձեռքն ընկնելու անթույլատրելիության հարցը։
Սխեման պարզ է. նախ զենքը գնում են Թուրքիայում, հետո Թուրքիայի միջոցով հայտնվում է ահաբեկիչների ձեռքում։ Բնականաբար, մամուլի համար պաշտոնական հաղորդումներում, որոնք առնչվել են Բաքվում Ռոգոզինի բանակցությունների արդյունքներին, չի շոշափվել ռուսական սպառազինությունը Բաքվի միջոցով ահաբեկիչների ձեռքում հայտնվելու հարցը։ Գնելով ռուսական զենք՝ ադրբեջանական իշխանությունները չեն թաքցնում, որ նախատեսված է Հայաստանի ու Ղարաբաղի դեմ պատերազմի համար։ Սակայն Բաքուն լռում է, որ զենքի մի մասը հայտնվում է ահաբեկիչների ձեռքին։ Բացի դրանից՝ Ադրբեջանի գնած զենքի մի շարք համակարգեր, օրինակ, «Սմերչ» համազարկի ռեակտիվ համակարգերը, օգտագործվում են խաղաղ բնակավայրերի դեմ։
Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից հետո Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաներն աստիճանաբար սկսեցին հասկանալ, որ չեն արդարացել ժամանակակից զենքի տրամադրմանն աջակցելու միջոցով Ադրբեջանում իրենց ազդեցությունը մեծացնելու հույսերը։ Բաքուն ակտիվորեն մասնակցում է արևմտյան էներգետիկ բոլոր նախագծերին, որոնք ուղղված են ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածության թուլացմանը, իսկ ժամանակին գործը հասցրեց իր տարածքում՝ Գաբալայում, ռուսական ռադիոտեղորոշիչ կայանի դուրսբերմանը։
Այսօր Ադրբեջանի մոտ 1500 քաղաքացիներ ԴԱԻՇ-ի զինված ջոկատների շարքերում պատերազմում են սիրիական կառավարական զորքերի դեմ։ Timeturk լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ադրբեջանցիները կազմում են «Մահմուտ» ջոկատի քիչ թե շատ մարտունակ մասը և պատերազմում են կառավարական զորքերի դեմ։
Չի բացառվում, որ այդ զենքը կարող էր ահաբեկիչների ձեռքում հայտնված լինել նրանց միջոցով։ Բնականաբար, իսլամական պետության զինյալների օգտագործումը կապվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված առաջադրանքների հետ։ Բայց չէ՞ որ այդ մարդիկ կարող են վերադառնալ՝ արդեն իսկ փոխառելով ահաբեկչական գործունեության մեթոդները, և սկսեն զենքը կիրառել իրենց պետությունում։ Ադրբեջանը ներկայումս հատուկ ուշադրության է արժանանում ԴԱԻՇ-ի կողմից։ Ահաբեկչական այդ կազմակերպության հետ Անկարայի կապերի բացահայտման ֆոնին Բաքուն դեռ մնում է ստվերում։ Միևնույն ժամանակ Բաքվի ազգային անվտանգության համակարգում կադրային վերափոխումները նույնպես կապված են եղել ԴԱԻՇ-ի բանդաների անդամներին զենքի մատակարարումների հետ։ ԴԱԻՇ-ի օրական եկամուտը կազմում է մինչև 3 միլիոն դոլար, իսկ Բաքվի իշխանությունները սիրում են փողեր։ Վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվացել են արմատական խմբերը։ «Ենի Մուսավաթի» տեղեկություններով՝ արմատականները, որ մեծ ցանց են ստեղծել Սումգայիթում, ձեռնամուխ են եղել զենքի գնումներին։ Չի բացառվում, որ այդ զենքը ռուսական է։ Տվյալ փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Մոսկվան չպետք է զենք մատակարարի Բաքվին։ Համեմատության համար՝ 2010-2014-ին Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են 4 միլիարդ դոլարի մի շարք խոշոր համաձայնագրեր։
Բաքուն որոշել է գնել սպառազինության լայն շրջանակ. զենիթահրթիռային համալիրներ (S-300, «Տոր»-2ՄԷ), հրետանային ինքնագնաց սարքեր («Մստա-Ս»), ծանր հրնետ համակարգեր («ՏՈՍ-1Ա»), համազարկի ռեակտիվ համակարգեր («Սմերչ»), տանկեր (Տ-90Ս), զրահամեքենաներ և մոտ 100 մարտական ու տրանսպորտային ուղղաթիռներ և այլն։ Սակայն հայտնի չէ, թե Ադրբեջանը որքան զենք է վերավաճառել ԴԱԻՇ-ին։ Ռուսաստանը պետք է զգուշավոր մոտեցում որդեգրի Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցում։ Ընթացիկ պայթյունավտանգ իրավիճակում պետք է հարյուր անգամ մտածել և հետո ստորագրել մատակարարման պայմանագիր, քանի որ Բաքվի իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը։
Ադրբեջանում զենքի մաքսանենգությունը դարձել է շահութաբեր բիզնես։ Գործարքների ֆինանսական մասն իրականացվում է թուրքական բանկերի միջոցով։ Այնուամենայնիվ, կա ահաբեկիչների խմբի ձերբակալման փաստ, որը զենք է գնել Ադրբեջանում և կարողացել է հասցնել ԴԱԻՇ-ի ղեկավարությանը: Դրանից կարելի է եզրակացնել, որ երկրում բավականաչափ են բարձրաստիճան այն պաշտոնյաները, որոնք պատրաստ են աջակցել միջազգային ահաբեկչական կազմակերպություններին։ Ադրբեջանում զենքի սև շուկան գրավել է ԴԱԻՇ-ի ուշադրությունը։ Ադրբեջանում զենքի ապօրինի առևտրի մասնագիտությունը սկիզբ է առել երկրի անկախության առաջին օրերից։ Այն ժամանակ խորհրդային սպառազինության վաճառքը եղել է գերշահութաբեր բիզնես։ Այժմ մարդիկ փորձ են կուտակել ու սկսել են վերավաճառել ռուսական զենքը։ Ակնհայտ է, որ նրա մեծ մասը հայտնվում է սև շուկայում, իսկ ԴԱԻՇ-ի զինյալները շատ պահանջված հաճախորդ են, որը մշտապես ունի բավականաչափ գումար։ Բաքուն չի վերահսկում զենքի առևտրով զբաղվող իր բոլոր քաղաքացիներին, և չկա երաշխիք, որ առանձին գեներալները չեն իրականացնում մահաբեր ապրանքի վաճառքի ամբողջական գործողություններ՝ միայն թե ավելի շատ գումար վաստակեն։ Այդպես քանիցս եղել է վերջին տասնամյակում։ Իսկ ԴԱԻՇ-ի ղեկավարությունն ունի Բաքվի քաղաքական ղեկավարներին «գնելու» մեծ փորձ։
Ադրբեջանական ղեկավարությունը երկակի խաղ է խաղում։ Մի կողմից սպառազինությունն օգտագործում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ մյուս կողմից թուրքական բանկերի միջոցով վերավաճառում է ԴԱԻՇ-ի զինյալներին։
Բայց չէ՞ որ Ռուսաստանի հետ պայմանավորվածության համաձայն՝ այդ զենքը պետք է ուղղվի ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, եթե վերջինս հարձակվի Ադրբեջանի վրա։ Այսպես թե այնպես, Ադրբեջանն ամենայն հավանականությամբ շուտով կճանաչվի որպես ԴԱԻՇ-ի զինյալների համար զենքի մատակարար ու արմատական կազմակերպությունների հովանավոր»»,- գրված է հոդվածում։