Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրորդ անգամ հետաձգում է Ադրբեջան այցը. թե փետրվարին և թե այսօր ծրագրված այցերից առաջ Թուրքիայի մայրաքաղաքը ցնցվեց հզոր պայթյուններից։ «Անկարայում տեղի ունեցածն էլ ավելի է ամրապնդում կասկածները, որ թե առաջին, թե երկրորդ ահաբեկչությունն այս կամ այն կերպ կապված է Էրդողանի Բաքու այցի հետ», - գրում է ադրբեջանական Haqqin.az ինտերնետային պարբերականը և հավելում. - «Տպավորություն է ստեղծվում, որ սպասվող բանակցություններն ակնհայտորեն ինչ-որ մեկի սրտով չեն, և ինչ-որ մեկի անտեսանելի ձեռքն անընդհատ փորձում է ձախողել այդ բանակցությունները»։ Մեկօրյա այցի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պետք է նախագահեր Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստը, որը նախատեսված էր փետրվարի 18-ին, սակայն փետրվարի 17-ին Անկարայում 29 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Թուրքիայի նախագահը որոշել էր հետաձգել այցը։ Այս անգամ թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ նախագահը որոշել է չհետաձգել Բաքու կատարելիք այցը, սակայն երեկ երեկոյան՝ վերջին պահին, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Էրդողանը հերթական անգամ հետաձգել է Ադրբեջան այցը։
«Ահաբեկչությունները նպատակ ունեին ձախողել Էրդողանի բանակցությունները Բաքվի հետ», - գրում է Haqqin.az-ը՝ վկայակոչելով փորձագիտական կարծիքները։ Լրատվամիջոցը նշում է, որ չի պատրաստվում հաստատել այդ ենթադրությունների ճշմարտացիությունը, սակայն ընդգծում է. - «Փաստը մնում է փաստ՝ բանակցությունները ձախողվեցին»։ Բանակցությունները չեն ձախողվի. Էրդողանը չի գնա Բաքու, փոխարենը Ալիևը կմեկնի Անկարա։ Էրդողանը պատրաստվում էր Բաքվում քննարկել երկկողմ հարաբերությունները զարգացնելու, տարածաշրջանային և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրները։
«Իսկ ո՞րն է թուրք-ադրբեջանական բանակցությունների իրական նպատակը», - այս օրերին հարց են հնչեցնում վերլուծաբանները, - «Այցի հիմքում զուտ թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հա՞րցն է, թե՞ այդ այցը տեղի է ունենում Անկարայի և Մոսկվայի միջև արդեն ամիսներ շարունակվող լարված հարաբերությունների համատեքստում»։
Gazeta.ru-ն Էրդողանի դեռևս փետրվարին Բաքու այցին անդրադառնալով` գրել էր, որ թեև Ալիևի վարչակազմն առայժմ Կրեմլի շահերից է խոսել՝ հայտարարելով, թե Բաքուն կողմ է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը առայժմ մնա իշխանության ղեկին, սակայն Ադրբեջանը վաղ թե ուշ պետք է ընտրություն կատարի Մոսկվայի և Անկարայի միջև։ Նմանօրինակ հրապարակումների ֆոնին և Թուրքիայի ղեկավարի սպասվող այցին ընդառաջ, ադրբեջանական լրատվամիջոցները շտապեցին տարածել արտգործնախարար Էլմար Մամեդյարովի The Bussines Year հանդեսին հարցազրույցի այն հատվածը, որում նա հայտարարում է. - «Թե Ռուսաստանի, թե Թուրքիայի հետ մեր հարաբերությունները դինամիկ են զարգանում։ Ադրբեջանում հույս ունենք, որ համատեղ ջանքերով, երկխոսության միջոցով հնարավոր կլինի բարելավել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները»։