ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան Սիրիայից ավիատիեզերական ուժերը դուրս բերելու որոշմամբ չի փորձում ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա։ Պատասխանելով հարցին, թե կարելի՞ է այդ քայլը Ժնևի բանակցություններում պաշտոնական Դամասկոսի կեցվածքից դժգոհ լինելու ուղղված ազդակ համարել, նա հայտարարել է. «Ոչ, չի կարելի»։ Պեսկովը հստակեցրել է, որ ռուսական զորքերի դուրսբերումը ՌԴ նախագահի որոշումն է։ «Դա ՌԴ նախագահի, գերագույն գլխավոր հրամանատարի որոշումն է՝ Սիրիայից ռուսական զորակազմի աշխատանքի արդյունքների հիման վրա։ Այսինքն, ուշադրություն դարձնելով այդ բոլոր արդյունքներին, նախագահը եզրակացրել է, որ հիմնական առաջադրանքները, ընդհանուր առմամբ, կատարվել են, այդ պատճառով էլ նման որոշում է կայացրել։ Դա բանակցությունների առարկա չէր, դա Ռուսաստանի նախագահի որոշումն է»,-ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ զորքը Սիրիայից դուրս բերելուց առաջ Պուտինը չի խորհրդակցել արևմտյան գործընկերների հետ։ Ռուսական ինքնաթիռների արդեն երկու խումբ է լքել Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազան՝ «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ավիաբազայում գտնվող լրագրողը։ «Առաջին երկու խմբերն արդեն դուրս են եկել և թռչում են Ռուսաստանի ուղղությամբ»,- ասել է թղթակիցը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մարտի 15-ից սկսել դուրս բերել ռուսական զորքերը Սիրիայից: