Համաշխարհային մամուլում հայտնվել են Սիրիայից Ռուսաստանի հիմնական ուժերի դուրսբերման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անսպասելի հայտարարության առաջին արձագանքները: «Washington Times»-ից Թոդ Վուդի կարծիքով, այս որոշումը խոստովանություն է, որ Ռուսաստանը ռեսուրսներ չունի իր սահմաններից դուրս երկարաժամկետ հակամարտության համար՝ ի հավելում սոցիալական ծախսերի, սպառազինությունների արդիականացման եւ ռուսական տնտեսության այլ կարիքների ապահովման համար: «Կրեմլի վրա ֆինանսական ճնշումը զգալի էր՝ արեւմտյան պատժամիջոցների եւ համաշխարհային շուկայում նավթի գների անկման ֆոնին, ինչը կենսական նշանակություն ունի ռուսական տնտեսության համար»,- գրել է հեղինակը: Չնայած Ռուսաստանը զգալի առաջընթացի հասավ զինված ուժերի արդիականացման հարցում, վերլուծաբանի կարծիքով, փաստացի հետխորհրդային սպառազինություններ օգտագործող ուժերում 21-րդ դարի սպառազինության կիրառումը համեմատաբար մեծ չէ՝ շուրջ 30%: Իսկ հին օդանավերի (օրինակ՝ Սու-24 ռմբակոծիչների) սպասարկումը բավական թանկ է: «Quartz»-ի վերլուծաբան Սթիվ Լեւինն էլ գրում է, որ Պուտինը կրկին ցուցադրում է անկանխատեսելի արարքներ գործելու ունակությունը: Նրա խոսքով, որպես սիրիական հակամարտությունում միջամտության գլխավոր հիմնավորում Պուտինը նշում է Մերձավոր Արեւելքում իր դաշնակցին՝ Բաշար Ասադին օժանդակելը: Զորքերի դուրսբերումը նշանակում է, որ կամ Պուտինը կարծում է, որ Ասադի կառավարումն այլեւս վտանգված չէ, կամ չի հավատում, որ սիրիական պետության առաջնորդը կարող է պահպանել իշխանությունը, կամ էլ նրան չի հուզում, որ Ասադի իշխանությունը տապալվում է: Նրա կարծիքով, Սիրիայում միջամտությամբ Պուտինը ցույց տվեց, որ Խորհրդային միության փլուզումից տասնամյակներ անց Մոսկվան կարող է իր սահմաններից հազարավոր մղոններ այն կողմ ցուցադրել իր հզորությունը: Պուտինը ընդգծեց իր պնդումը, որ Ռուսաստանն ուժ է ներկայացնում արտերկրի ռազմական գործողությունների առավել կարեւոր կետերում, եւ ցույց տվեց, որ կարող է աշխարհին ստիպել գուշակել իր քայլերը: