Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Թուրքիայում է: Նախագահ Էրդողանը նրան դիմավորել է Անկարայի նախագահական պալատում: Նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ պաշտոնական արարողությունից հետո նախագահները առանձնազրույց են ունեցել, ապա մասնակցել երկկողմ համագործակցության նիստին, որի գլխավոր թեման տրանսանատոլական գազատարի նախագիծն (TANAP) է դարձել:
Նիստից հետո համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը՝ ընդգծելով՝ ահաբեկիչները չեն հասնելու իրենց նպատակին և երբեք չեն կարողանալու ծնկի բերել Թուրքիային, ընդհակառակը, իրենք են ծնկի գալու: Էրդողանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար և հայտարարել, որ եղբայրական Ադրբեջանը Թուրքիայի սև օրվա բարեկամն է: Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը աշխարհում ամենամտերիմ երկրներն են: Նա նշել է, որ Թուրքիան Էրդողանի կառավարության շրջանում մեծ զարգացում է ապրել, ինչը ամենից շատ Ադրբեջանին է ուրախացնում: Ալիևը հատուկ երախտագիտություն է հայտնել Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես Ադրբեջանի կողքին լինելու համար:
Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության 5-րդ նիստի արդյունքում երկու երկրները վեց համաձայնագիր են ստորագրել հիմնականում էներգետիկայի, տրանսպորտի և ռազմական ոլորտներում համագործակցության շուրջ: Թուրքական մամուլը Ալիևի այցը բարեկամական ժեստ է որակել՝ հիշեցնելով, որ Էրդողանի այցը Ադրբեջան հետաձգվում է արդեն երկրորդ անգամ՝ ահաբեկչական հարձակումների պատճառով: