Ադրբեջանը չարաշահում է իր իշխանությունը՝ փորձելով լռեցնել վարչակարգի քննադատներին, այդ թվում` ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովային՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է հայտնի փաստաբան Ամալ Քլունին: Նա ներկայացնում է Իսմայիլովային Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և վստահ է, որ իր պաշտպանյալի դեմ գործը հիմնված է քաղաքական շարժառիթների վրա և նպատակ ունի հեռու պահել լրագրողին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի կաշառակերության գործի հետաքննությունից: «Հավատացած եմ, որ կարևոր է պաշտպանել անհատ լրագրողին չափերն անցած պետությունից: Կարևոր է պայքարել լրագրողների իրավունքների համար՝ պատմելով աշխարհին, թե ինչ է տեղի ունենում իրենց երկրներում»,- ասել է Քլունին: Նա համոզված է, որ Իսմայիլովայի դեպքը Ադրբեջանում լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների խորհրդանիշ է դարձել: «Ադրբեջանն աշխարհում լրագրողների բանտարկության թվով առաջատար երկրների շարքում է, ու միաժամանակ անդամակցում է Եվրոպայի խորհրդին՝ մի կազմակերպություն, որի նպատակը մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության պաշտպանությունն է: Կարծում եմ, որ դա բոլորիս մտահոգվելու տեղիք է տալիս»,- նշել է նա։ Անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյաների տարածած լուրերին, թե ինքը հայ է՝ Քլունին ասել է. «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պատկանելությունը որևէ ազգի, անկախ նրանից, թե ինչ ազգ է, կարող է ինձ վարկաբեկել: Ես հայկական արմատներ չունեմ և որևէ խնդիր չեմ տեսնում»: Իրավաբանն ընդգծել է, որ ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնելը (Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում պաշտպանում էր երրորդ կողմի` Հայաստանի շահերը) չի դարձնում իրեն հայ, ճիշտ այնպես, ինչպես չի դառնում կամբոջացի այդ երկիրը ներկայացնելու պարագայում: