Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ինչ են ուզում հասկացնել ռուսները

Ինչ են ուզում հասկացնել ռուսները
18.03.2016 | 00:35

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցելությունը Մոսկվա և դրա արդյունքների շուրջ ավելի քան ժլատ պաշտոնական տեղեկատվություններն ու լրատվական արտահոսքերը ոմանց հիմք տվեցին եզրակացնելու, որ այն ավելի շուտ կարելի է գնահատել արարողակարգային։ Կողմերը, այսպես ասած, ճշտում էին ժամացույցները։ Բնականաբար, քննարկվել են բազմաթիվ թեմաներ, այդ թվում, ըստ ամենայնի, տարածաշրջանում Հայաստանի հեռանկարները հնարավոր զարգացումների համատեքստում։ Եվ դա հասկանալի է, եթե հաշվի առնենք այն, որ, ամենայն հավանականությամբ, արդեն մոտ ապագայում նախապատրաստվում է պայմանագրի ստորագրում Սիրիայի, այսպես կոչված, «ֆեդերալիզացման» վերաբերյալ։ Եվ չի բացառվում՝ այդ բաժանման պատճառով էլ ավելի աճի քրդական գործոնը, որը հեռանկարում իր հերթին մեծ վտանգ է Թուրքիայի համար ու կարող է հենց վերջինիս տրոհման պատճառ դառնալ։

Այն, որ նման սցենարները զուտ քաղաքագիտական կամ փորձագիտական վերլուծությունների տիրույթից վաղուց տեղափոխվել են «ռեալ պոլիտիկի» դաշտ, վկայում է նաև ՌԴ նախագահի՝ գրեթե բոլորի համար անակնկալ հրամանը Սիրիայից ռուսաստանյան զինված ուժերը դուրս բերելու վերաբերյալ: Սա, թերևս, նշանակում է, որ Ռուսաստանն ի կատար է ածել դեռևս անցած տարվա ամռանն ԱՄՆ-ի հետ անդրկուլիսյան պայմանավորվածության իր մասը և այսուհետև Սիրիայի ապագա վերաբաժանման կամ «ֆեդերալիզացման» գործընթացում ձեռնամուխ է լինելու (պայմանավորվածության համաձայն) իր ազդեցության ոլորտի դեյուրե ամրագրմանը:
Անկախ նրանից, թե ինչ հռետորաբանությամբ են հրապարակայնորեն միմյանց հետ խոսում ռուսաստանյան և արևմտյան պաշտոնական շրջանակները, ինչի շուրջ են քննարկումներ ծավալում, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ միմյանց միջև պայմանավորվածություն կա առաջին հերթին Սիրիայի հարցում։ Հեռու չէ ճշմարտությունից նաև այն, որ երկրորդ փուլում արդեն դրված է Թուրքիայի թուլացումը և քրդական գործոնի առաջխաղացմամբ այնտեղ մասնատման գործընթաց սկսելը։ Այս հարցերում Ռուսաստանը, բնականաբար, չի կարող լուրջ խորհրդակցություններ չանցկացնել նաև Հայաստանի հետ։ Եվ այդ կոնսուլտացիաները գուցե առաջին հերթին ոչ այնքան Ռուսաստանին են անհրաժեշտ, որքան Հայաստանին, որն այս պահի դրությամբ պասիվ խաղացողի դերում է և ավելի շատ ռազմական, ֆորպոստային առումներով իր տարածքն է տրամադրում Ռուսաստանի Դաշնությանը։ ՈՒ Սերժ Սարգսյանին հետաքրքրում է, թե ինչ հեռանկարներ են դիտարկվում տարածաշրջանային զարգացումների համատեքստում, և ինչ է սպասում Հայաստանին։
Պատահական չէ, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ խոսակցության արարողակարգային հատվածում Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ պնդեց, որ Հայաստանն անվերապահ աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին ռուս-թուրքական լարված հարաբերություններում: Բայց առավել հետաքրքրական նյուանս էր ՀՀ նախագահի կողմից Սիրիայի շուրջ ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին զորակցություն հայտնելը։ Այսպիսով, փաստորեն, ՀՀ ղեկավարը փորձեց տեղավորվել աշխարհաքաղաքական երկու բևեռների, պատկերավոր ասած, մատի ու մատանու արանքում։ Չի բացառվում, որ Հայաստանի նախագահը ցանկացավ շատ զգուշորեն ինքնաառաջադրվել որպես տարածաշրջանային խաղացող։ Նա կարծես թե հայտ ներկայացրեց մասնակից դառնալու երկու գերտերությունների պայմանավորվածություններում։ Այս համատեքստում չի բացառվում՝ Հայաստանը հետագայում որոշակի համաձայնագրեր ստորագրելու հարթակ դառնա։
Սակայն հայ-ռուսական վերջին հանդիպման ընթացքում մի հետաքրքիր նրբերանգ ևս արձանագրվեց. ՌԴ նախագահ Պուտինը, ողջունելով Հայաստանի իր գործընկերոջը՝ Սերժ Սարգսյանին, ընդգծեց, որ Հայաստանը և Ռուսաստանը հաջողությամբ շարունակում են ռազմաքաղաքական գործընկերությունը։ Մինչդեռ այդ հարաբերությունները մինչ այդ մշտապես բնորոշվել են որպես ռազմաքաղաքական դաշնակցություն։ Սա, իհարկե, աննկատ չմնաց որոշ փորձագիտական շրջանակներում և հիմք հանդիսացավ, որ հնչեն նաև եզրակացություններ, թե ՌԴ նախագահն իր խոսքում իջեցնում է ռազմավարական համագործակցության կարգավիճակը։ Եվ այս պահին դժվար է ասել՝ դա լեզվի սայթաքո՞ւմ է, թե՞ հստակ ուղերձ։ Իսկ ինչպես ցույց է տալիս հայաստանյան առօրյա քաղաքական կյանքը, հայ-ռուսական գործընթացներում ցանկացած անորոշություն կամ կիսաակնարկ անմիջապես շահագրգիռ շրջանակների կողմից վերածվում է քննարկման «տրենդային» առարկայի: Այս առումով ռուսական թեման ու օրակարգը վերջին օրերին շատ հագեցած էին։ Հատկապես աղմուկ բարձրացրեց «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» մասնագիտացված շաբաթաթերթի հրապարակումը հայկական ԶՈՒ-ի վերաբերյալ, որտեղ, մասնավորապես, նշվում է, թե, օրինակ, որտեղ են մեր տեղակայումները, ինչ սպառազինություն ունենք, ինչ քանակի ռազմական տեխնիկա և այլն։ ՈՒշագրավ է, որ դա համընկավ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի հետ։ Ռուսական արտահոսքի թեման Հայաստանում բուռն քննարկման առարկա դարձավ և ինչպես միշտ շատ հարմար առիթ հանդիսացավ, որպեսզի արևմտյան լեգեոնը բավականին ակտիվացնի իր գործողությունները։
Իհարկե, հասկանալի է, որ Ռուսաստանի նման վերահսկվող երկրում դժվար թե լրիվ պատահաբար նման նյութ հրապարակվեր, կամ դա լիներ ուղղակի լրագրողի նախաձեռնությունը։ Բայց «Ռազմարդյունաբերական սուրհանդակի» հրապարակման մեջ, թերևս, այդքան էլ կարևոր չէր զինատեսակների ցանկը, որը, այնուամենայնիվ, ռազմական և պետական գաղտնիք չէր հրապարակում և բաց աղբյուրներից էր վերցված։ Պարզապես հոդվածի հեղինակն ընդամենը համակարգել է այդ ինֆորմացիան և համախմբել մեկ նյութի մեջ։ Ընդ որում, ինչպես ՀՀ պաշտպանության նախարարությունն էր ընդգծել, ամեն ինչ չէր, որ այդ հոդվածում համապատասխանում էր իրականությանը։
Այստեղ ավելի կարևոր է ոչ թե զինատեսակների ցանկը, այլ առկա մեկնաբանությունները։ Հոդվածն ուներ ուղերձներ, որոնց միջոցով ռուսական կողմը բաց կամ էլ քողարկված կերպով հասցնում է հասցեատերերին։ Նախ և առաջ հոդվածով արձանագրվեց, որ զինատեսակներով Հայաստանը, այնուամենայնիվ, զիջում է Ադրբեջանին։ Դա հավանաբար նշանակում է, որ Ադրբեջանին ակնարկվում է՝ քանի որ հավասարակշռությունը խախտված է, ապա Ռուսաստանը կարող է շարունակել Հայաստանին զենքի մատակարարումը, որպեսզի բալանսն առնվազն պահպանվի։ Սա ինչ-որ չափով պատասխան էր Ադրբեջանի վերջին նյարդային դրսևորումներին։ Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ արտգործնախարարությանը նոտա էր հղել հայկական կողմին 200 մլն դոլարի չափով ռազմական տեխնիկա և սպառազինություն վաճառելու մասին փետրվարի 10-ին ուժի մեջ մտած, Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված վարկային համաձայնագրի կապակցությամբ։
Բացի այդ, հոդվածը նաև հաղորդագրություն էր հենց Հայաստանին՝ հասկացնելու համար, թե որքան էլ զենք ու զինամթերք մատակարարվի Հայաստանին, միևնույն է, զիջում է Ադրբեջանին, և ակնարկվում էր, որ Հայաստանը, այնուամենայնիվ, ուղղակիորեն կախված է Ռուսաստանից։
Հաջորդ մեսիջն այն էր, որ Թուրքիայի հետ բախումներ սկսվելու դեպքում Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան ներգրավված է լինելու այդ գործողություններում։ Դրանից բխում է, որ Ռուսաստանն է՛լ ավելի է ամրապնդելու Հայաստանում եղած ենթակառուցվածքները, քանի որ թուրքական ուղղության վրա մեր երկիրն այդ հանգամանքներում դառնում է Ռուսաստանի ուղղակի ֆորպոստը։
Այս առումով զարմանալի չէ, որ նույն այդ «Ռազմարդյունաբերական սուրհանդակի» հաջորդ իսկ համարում լույս տեսավ նման մի հրապարակում արդեն ադրբեջանական ուղղությամբ, ինչը համանման աղմուկ հավանաբար կբարձրացնի արդեն Ադրբեջանում՝ փարատելով խանդի տեսարանները Հայաստանում։
Այսպիսով՝ Ռուսաստանը կողմերին կարծես զգուշացնում է, որ տարածաշրջանում գոնե ռազմաքաղաքական տեսակետից տերն ինքն է մնում։
Այս ամենին զուգահեռ վերջին մի քանի օրերին Հայաստանում բավականին ակտիվացավ արևմտյան քարոզչական թևը։ Եվ վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ այդ դաշտում ռուսները բավականին թույլ են։ Այսպես կոչված, փափուկ ուժի կիրառման տեխնոլոգիայում ռուսները շատ հետ են մնում Արևմուտքից։ Նույնիսկ նվազագույն ուժերով արևմտյան շարասյունը բավականին կազմակերպված ու մոտիվացված է, տիրապետում է քարոզչական բազմաժանր տեխնոլոգիաներին՝ ի տարբերություն ՌԴ-ի, որը, Հայաստանում ունենալով հսկայական ռազմաքաղաքական, տնտեսական, հեռուստատեսային և այլ հզոր ներկայություն, գրեթե միշտ պարտվում է, հատկապես վիրտուալ հարթակներում։ Մեկ օրինակ ընդամենը. ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության խողովակով միայն 2015 թ. Հայաստանում մոտ 27 միլիոն դոլար է ծախսվել տարբեր ծրագրերի համար, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության հետ տարվող աշխատանքների ուղղությամբ։ Այս պարագայում ոչ ոք չի հասկանում, թե ինչն է խանգարում ռուսներին նույնն անելու։ ՈՒ իրական գործով զբաղվելու, այլընտրանք ստեղծելու փոխարեն ՀՀ-ին կոչ է արվում փակել արևմտյան կառույցները։ Ռուսների ինֆորմացիոն քաղաքականությունը, հասարակական կառույցներն արդյունավետ չեն, դրանք, որպես կանոն, հանդես են գալիս ժամկետանց, վարկաբեկված դեմքերով։ Եվ ամեն անգամ այդ փաստն ավելի ու ավելի ակնառու է դառնում։
Այս համատեքստում ռուսաստանցի քաղաքագետ, փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը նկատել էր, թե սխալ է ՌԴ ինֆորմացիոն քաղաքականությունը, որը միտված է անցյալին և ոչ թե ապագային։ Այսպիսով ակնարկ էր արվում, թե այն քարոզչական գործիքները, որոնք աշխատում են Ռուսաստանի ներսում, գործուն չեն ՌԴ-ից դուրս։ Մարդիկ սկսել են ապրել ոչ թե անցյալի հիշողություններով, այլ ապագայի ակնկալիքներով։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ